Սփյուռք

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

1 րոպեի ընթերցում

Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը կվերադարձվի Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի հայկական եկեղեցիներից մեկին պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Amedtoday.org կայքի փոխանցմամբ` 629 տարվա պատմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրված է Իրանի Ուրմիա քաղաքի պատմության թանգարանում:

Իրանը պատրաստ է մոտ 7-դարյա պատմություն ունեցող զանգը վերադարձնել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

2017թ. օգոստոսի 9-ին Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության նախագահի տեղակալ Միրհադի Կարեսեյյեդ-Ռոմիանին նշել է. «Մենք Իրանում գտնվող բոլոր պատմական հուշարձանները և աշխատանքները դրանց ծագման երկրներին հանձնելու քաղաքականություն ենք սկսել»:

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ այս գործընթացն աշխարհին և ողջ մարդկությանը ցույց կտա, որ Իրանն իսկապես բարիդրացիական երկիր է:

Amedtoday.org կայքը նշում է նաև, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ. Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում