Մշակույթ

Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումն արդարացված է, եթե դա ենթադրում է հավելյալ արժեք. Մեխակ Ապրեսյան

2 րոպեի ընթերցում

Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումն արդարացված է, եթե դա ենթադրում է հավելյալ արժեք. Մեխակ Ապրեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումն արդարացված է, եթե դա ենթադրում է հավելյալ արժեք: Այն է` նոր ծառայություններ, ծառայությունների որակի բարձրացում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային շուկայում մրցունակությամբ չի զիջում, բայց ցանկացած թանկացում հաճելի չէ: Դա կարող է բացասաբար անդրադառնալ մեր զբոսաշրջային արդյունքի վրա: Բայց այստեղ այլ հարց կա, եթե այդ թանկացումը ենթադրում է նոր ծառայություն կամ եղածի որակի բարձրացում, ապա, ուրեմն, թանկացումը նորմալ երևույթ է: Այսինքն` զբոսաշրջիկն ավելի թանկ է վճարում ու ավելի լավ ծառայություներ ստանում, ավելի բավարարված է իրեն զգում: Կարծում եմ, որ թանկացումից հետո մատուցված ծառայությունների որակի բարձրացում է լինելու»,-ավելացրեց Մեխակ Ապրեսյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից առաջարկվել է թանկացնել Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարները: Մինչ այժմ տեղացիների համար գործող տոմսի արժեքը` 250 դրամը կդառնա 500, իսկ արտասահմանցիների համար սահմանված 1000 դրամը` 1500: Այս տարվա մարտ ամսից սկսած ՊՈԱԿ-ը նոր քաղաքականություն է որդեգրել` առավել ակտիվ գործունեություն իրականացնել արգելոց-թանգարաններում, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում և մշակութային կյանքի ակտիվացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում