ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում օգոստոսի 12-ին և 13-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը նշեց, որ մեկնարկը տրվելու է օգոստոսի 12-ի երեկոյան` ջազային համերգով:
«Համերգին ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբը»: Ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի հետ: Հաջորդ օրը փառատոնը կսկսվի ժամը 12:00-ին, տեղի բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, ինչպես նաև համեղ խոհանոցի նմուշները»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով, փառատոնը լավ հնարավորություն է Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման համար, այն նպաստում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Տարեցտարի փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է: Նախորդ տարի միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, այս տարի ակնկալվում է 3000-ից ավելի մասնակցություն:
«Այս փառատոնը մի քանի խնդիր է լուծում, նախ զբոսաշրջության տեսանկյունից բավական ակտիվանում է կյանքը: Այնուհետև տարածաշրջանում տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացում է ապահովվում: Այս տարածաշրջանը մեղրի արտադրության հսկայական ներուժ ունի, մենք այժմ տեսնում ենք, որ փառատոնի անցկացումը նպաստել է մեղրի արտադրության ծավալների ավելացմանը»,- ավելացրեց նա:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ վերջին տարիներին այս փառատոնում մեծ է հատկապես երիտասարդների ակտիվությունը: Նաև ամեն տարի մի նոր բաղադրիչ է ավելանում փառատոնին:
Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ Հայկ Չոբանյանը նշեց, որ առաջընթաց կա։ «Տարիներ առաջ հյուրանոցային ծառայությունները որակյալ չէին, չկային ռեստորաններ, իսկ այժմ այդ ոլորտում զարգացում կա: Ամեն դեպքում դեռ աշխատելու տեղ կա: Տավուշը սահմանամերձ գոտի է և ռիսկային է ներդրողների համար, հետևաբար ճիշտ կլինի զբոսաշրջության ոլորտում էլ ներդրողներին հարկային արտոնություններ տալ»,-ասաց նա: