Life

«Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը Սևանի ափին համախմբել է հայ և օտարազգի կատարողների

2 րոպեի ընթերցում

«Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը Սևանի ափին համախմբել է հայ և օտարազգի կատարողների

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը հուլիսի 14-16-ը Սևանի ափին համախմբել է հայ և օտարազգի կատարողների Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։ Փառատոնն անցկացվել է 3-րդ տարին անընդմեջ՝ ունենալով միջազգային ձևաչափ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնին ներկայացել են մի քանի տասնյակ բարդեր, այդ թվում՝ «Լավագույն տասնյակ» անվանակարգում ընդգրկված նորանուն հեղինակ-կատարողներ։ Հնչել են ոչ միայն հին ու սիրված երգեր, այլև բազմաթիվ նոր ստեղծագործություններ։ Եզրափակիչ համերգը մեկնարկել է Ռուբեն Հախվերդյանը՝ ներկայացնելով նաև նոր երգ, ապա հաջորդել են հյուրերի ելույթներ, վկայագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման արարողություն, 3 տասնյակից ավելի բարդերի մասնակցությամբ համերգ։ Փառատոնի պաշտոնական մասն ավարտվել է ավանդաբար կատարվող «Հուսո առագաստ» երգով և նախորդ օրվա օրինակով ուշ գիշերին շարունակություն ստացել խարույկի շուրջ։

2017 թվականի «Հուսո առագաստ»-ը ոչ միայն մասնակիցների տեսանկյունից էր աշխարհագրականորեն ընդգրկուն, այլև մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ կային Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից և Երևանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց նաև այս տարի։ Ի դեպ, հանդիսատեսի շարքում էին Գյումրու և Վանաձորի մանկատան երեխաներ, որոնց համար փառատոնը մշակութային միջավայրում լինելու, լավ ժամանակ անցկացնելու հերթական հնարավորություն էր։

Նախաձեռնող «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը նշում է, որ ամենամյա փառատոնի նպատակը հեղինակային երգի ասպարեզում նորանուն ստեղծագործողների բացահայտումն է, նրանց բեմ տրամադրելը, ստեղծագործական առաջընթացին նպաստելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում