Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է կայանալ նոյեմբերին կամ դեկտեմբերին. Նախաձեռնող խմբի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է կայանալ նոյեմբերին կամ դեկտեմբերին. Նախաձեռնող խմբի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում ասել է պատրիարքի ընտրության գործընթացի կազմակերպման հարցերով զբաղվող Նախաձեռնող խմբի խոսնակ, իրավաբան Սեպուհ Ասլանգիլը:

Նա հայտնել է, որ նախ իրենք կազմելու և հրապարակելու են ընտրողների ցուցակները, ինչից հետո ժամանակ է հարկավոր հնարավոր բողոքարկումներն ուսումնասիրելու համար: Նույն գործընթացը տեղի կունենա պատրիարքի հավանական թեկնածուների անունների հրապարակումից հետո:

«Այս բոլորը, բնականաբար, ժամանակատար գործողություններ են: Եթե այս գործընթացի ընթացքում մեծ թվով բողոքարկումների հետևանքով որևէ արգելք չլինի, ապա կարծում եմ, որ նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կարելի կլինի պատրիարքի ընտրություն անցկացնել»,- հայտնել է նա:

Պոլսո Հայոց պատրիարքական Աթոռը հուլիսի 12-ի առավոտյան հրապարակել է պաշտոնական զեկույց Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի դիվանի կազմության մասին: Պատրիարքարանի զեկույցում նշված է հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Նախաձեռնող խմբի կազմության փաստը: Բացի այդ, արձանագրվել է, որ հուլիսի 10-ին Նախաձեռնող խումբը գումարել է անդրանիկ նիստը, որի ժամանակ ընտրվել է դիվանի կազմը:

Զեկույցի բովանդակության կարևորագույն մասն այն է, որ պատրիարքի ընտրության գործընթացի այս փուլի բոլոր մանրամասները Ստամբուլի նահանգապետարանի միջոցով փոխանցվել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում