Մշակույթ

Շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ` նվիրված «Եվրոպա 2017. ամրոցներ» թեմային

3 րոպեի ընթերցում

Շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ` նվիրված «Եվրոպա 2017. ամրոցներ» թեմային

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ» Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում հանդիսավորությամբ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ` նվիրված «Եվրոպա 2017. ամրոցներ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«Թե ֆիլատելիայի ոլորտն ինչպես է զարգանում, իմ կողմից սուբյեկտիվ կլինի ասելը, բայց տեսնում եք, որ վերջին տարիներին շատ հաճախ նոր նամականիշեր ենք թողարկում: Այսօր կարող ենք ասել, որ ամբողջ աշխարհում է տարածում գտել հայկական նամականիշը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վահան Մարտիրոսյանը:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի անդամ երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակում: Նամականիշի վրա պատկերված է հին հայկական «Ամբերդ» ամրոցը, որի անվանումը նշանակում է «բերդ ամպերի մեջ»: Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայ Փոստ» ՓԲԸ դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Ամբերդը Հայաստանի լավագույն պահպանված ամրոցներից է: Ամրոցը երեք կողմից շրջապատված և պաշտպանված է կիրճով: Ըստ որոշ աղբյուրների, Ամբերդը ծառայել է որպես հայոց թագավորների և իշխանների ամառային նստավայր:

Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ևս կարևորեց պարբերաբար նոր նամականիշերի թողարկումը:

«Շատերին թվում է, թե ինտերնետի նոր դարաշրջանում ֆիլատելիան անկում է ապրում, մոռացության է մատնվում: Ես նման տեսակետի հետ համաձայն չեմ: Ինչպես տեսնում եք, մեզ մոտ յուրաքանչյուր նամականիշի մարումը ներկայացուցչական կազմով է իրականացվում, այսինքն` հավուր պատշաճի ուշադրություն է դարձվում ոլորտին: Ի դեպ, հուլիսի 13-ին նոր նամականիշ է թողարկվելու, արդեն «Ոսկե ծիրան»-ի շրջանակում»,-ասաց Հովիկ Մուսայելյանը:

Հայաստանի ֆիլատելիստների միությունն ունի 300 անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում