ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի հարազատները բաց նամակ են տարածել` կոչ անելով կինոռեժիսորի հիշատակին ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել զինծառայողների հիմնադրամին:
«Ռուբեն Գևորգյանցն ամբողջ կյանքում իր գործունեությամբ փորձել է ծառայել երկրին ու ժողովրդին: Բազմիցս իր մտերիմներին ու ընկերներին խնդրել է, որ երբ իրեն հրաժեշտ տալու պահը գա, չբերեն ծաղիկներ ու ծաղկեպսակներ, այլ այդ գումարը փոխանցեն ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար: Որդիներն ու հարազատները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետևյալ հաշվեհամարին ՝
Փոխանցումներ ՀՀ Դրամով`
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված
վնասների հատուցման» Հիմնադրամ
Ստացողի հաշվի համարը` 103008661003
Ստացողի բանկի անվանումը`
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
«Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են հարազատները:
Ռուբեն Գևորգյանցը մահացել էր հունիսի 23-ին՝ 71 տարեկանում։ Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 18։30-20։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին, ժամը 11։00-13։30, նույն եկեղեցում: Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։