Սփյուռք

Բեքչյանը ժամանել է Ստամբուլ. Աթեշյանը չի մասնակցել պատրիարքարանում գումարված Կրոնական ժողովին

2 րոպեի ընթերցում

Բեքչյանը ժամանել է Ստամբուլ. Աթեշյանը չի մասնակցել պատրիարքարանում գումարված Կրոնական ժողովին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ: Աթաթուրքի օդանավակայանում Բեքչյանին դիմավորել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու մի խումբ այլ անձինք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Շուրջ երեք ամսվա ընդհատումից հետո հունիսի 21-ի առավոտյան Պոլսո Հայոց պատրիարքարանում գումարվել է Կրոնական ժողով, որը նախագահել է Բեքչյանը: Ժողովի օրակարգում պատրիարքի ընտրության ու Նախաձեռնող մարմին ձևավորելու մասին հարցերն էին:

Ուշագրավ է, որ Կրոնական ժողովի նիստին ներկա չի եղել փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Բեքչյանը «Ժամանակ» օրաթերթին հայտնել է, որ առաջիկա օրերին ամբողջությամբ ներգրավվելու է պատրիարքի ընտրության կազմակերպման աշխատանքներին:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:

Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում