Սփյուռք

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը քայլեր է ակնկալում Թրամփի վարչակազմից Էրդողանի թիկնապահների գործով

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը քայլեր է ակնկալում Թրամփի վարչակազմից Էրդողանի թիկնապահների գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրավապահների ջանքերը: «Մենք ողջունում ենք իրավապահ մարմինների ջանքերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Անհամբերությամբ սպասում ենք այդ աշխատանքների շարունակությանը՝ բոլոր ներգրավվածներին բացահայտելու համար: Իրավապահ մարմիններն իրականացնում են իրենց գործառույթը: Այժմ Թրամփի վարչակազմի համար եկել է ժամանակը քայլեր ձեռնարկելու և պահանջելու, որպեսզի Թուրքիան այս հանցագործության մեջ ներգրավվածներից որևէ մեկի նկատմամբ դիվանագիտական անձեռնմխելիության հավակնություններ չցուցաբերի, որպեսզի քրեական դատավարությունն առաջ շարժվի և արդարությունը հաղթանակի»,- մինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնմախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով հունիսի 14-ին այդ գործի շրջանակում Միացյալ Նահանգների քաղաքացիներ Սինան Նարինիև Էյուփ Յըլդըրըմի ձերբակալման փաստը:

«Նյու Յորք թայմս»-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների: ԱՄՆ և Կանադայի երկուական քաղաքացիների արդեն իսկ մեղադրանք առաջադրվել է՝ հարձակմանն ու բռնությանը մասնակցելու համար: Նարինը, ըստ «Նյու Յորք թայմս»-ի, մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Յըլդըրըմի դեմ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով: Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը նշում է, որ դեպքից մոտ մեկ ամիս անց մեղադրանքների առաջադրումը նշանակալի պատասխան քայլ է ԱՄՆ իշխանությունների կողմից. հարձակումը բռնություն էր ինչպես ԱՄՆ-ում խոսքի ազատության դեմ, այնպես էլ իրավապահ համակարգի:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացրել է, որ ձերբակալվածները Թուրքիայի նախագահի թիկնազորի անդամ չեն, նրանք ԱՄՆ քաղաքացի թուրքեր են:

Միացյալ Նահանգների իրավապահ համակարգի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել անունը, հայտնել է, որ ոստիկանությունը պարզել է ծեծկռտուքի 42 մասնակիցներից 34-ի ինքնությունը, և չի բացառվում, որ առաջիկայում լինեն նոր ձերբակալություններ: Էրդողանի այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան մոտ բռնության զոհ էր դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ ոստիկան: Դեպքից հետո տարածված տեսանյութում երևում էր, որ Էրդողանը իրադարձությունների զարգացմանը հետևել էր դեսպանատան մերձակայքում կայանված ծառայողական մեքենայից: Իսկ նրա կողքին կանգնած անվտանգության աշխատակիցն անձամբ էր տվել հարձակման հրամանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում