ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և հաղորդավար Ավետ Բարսեղյանի նախաձեռնությամբ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը փոքրիկներին կներկայացվի «7» նախագիծ համերգային ծրագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
Երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված ինտերակտիվ համերգ-երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի: Համերգ-շոու ծրագրի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործություններ, այլև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը:
Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով. կներկայացվեն աշխարհի 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն։ Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։
Երեկոյի ընթացքում սպասվում են յուրահատուկ անակնկալներ:
Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: