Քաղաքականություն

Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ ՀՀ նոր ընտրական համակարգը նպաստելու է ժողովրդավարության ամրապնդմանը

2 րոպեի ընթերցում

Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ ՀՀ նոր ընտրական համակարգը նպաստելու է ժողովրդավարության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր ընտրական համակարգն ավելի է նպաստելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հրայր Թովմասյանը չհամաձայնեց ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկման հետ, թե Սահմանադրությամբ ամրագրվել է, որ Հայաստանում համապետական ընտրություններն իրականացվելու են համամասնական ընտրակարգով, սակայն Ընտրական օրենսգրքով այնպիսի համակարգի հիմք դրվեց, որը մեծ հաշվով չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից:

«Ես համաձայն չեմ, որ մեր ընտրական նոր համակարգը չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից: Այս դահլիճում նստած են պատգամավորներ, ովքեր ավելի քիչ ձայներ են հավաքել, քան այլ թեկնածուներ, ովքեր խորհրդարան չեն անցել: Մեծամասնականի պարագայում խորհրդարան կանցնեին այն թեկնածուները, ովքեր ամենաշատ ձայներն էին հավաքել: Պարզապես կա բաց և փակ ցուցակների խնդիր: Ես կարող եմ ձեզ ներկայացնել թվեր, թե քանի երկիր է կիրառում համամասնական ընտրակարգը, դրանցից քանիսն են կիրառում բաց ցուցակները, քանիսն են փակ ցուցակները կիրառում: Մեր համակարգը բաց և փակ ցուցակների համադրություն է»,- բացատրեց Թովմասյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում