ՔԱԳՎ պետի տեղակալն ընդունել է Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանն այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է Իռլանդիայի պատվիրակությանը՝ ի դեմս Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Իռլանդիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում՝ երկու պետությունների միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորության հարցը, որն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև համագործակցության զարգացման վրա: Անդրադարձ կատարվեց նաև «Եվրակոնտրոլ» միջազգային կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և սպասվող ընտրություններին:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին «Հայաէրոնավիգացիա»ՓԲընկերությունում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին: