Մշակույթ

Խաչատրյանի մրցույթն աչքի է ընկնում տարբեր երկրներից մեծաթիվ մասնակիցների ներգրավմամբ. Ռիչարդ Ռոդզինսկի

4 րոպեի ընթերցում

 Խաչատրյանի մրցույթն աչքի է ընկնում տարբեր երկրներից մեծաթիվ մասնակիցների ներգրավմամբ. Ռիչարդ Ռոդզինսկի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին։ Այն այս տարի առաջին անգամ անցկացվելու է «վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի առաջին փուլին կմասնակցի 13 երկրի 43 մասնակից։ Մրցույթի ժյուրիի նախագահն է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ։ Նրանց թվում է անվանի երաժշտագետ Ռիչարդ Ռոդզինսկին (ԱՄՆ)։ Նա եղել է Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նույն պաշտոնն է զբաղեցրել նաև Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, եղել է պատասխանատու այլ պաշտոններում։

Ռիչարդ Ռոդզինսկին նշեց, որ խաչատրյանական մրցույթն աչքի է ընկնում տարբեր մասնագիտություններում տարբեր երկրներից մեծաթիվ մասնակիցների ներգրավմամբ և ժյուրիի կազմում միջազգային ասպարեզում հարգված մասնագետների ընտրությամբ:

«Ավելին, այն գովասանքի է արժանի մի քանի մասնագիտություններում, ներառյալ դիրիժորություն մասնագիտությամբ մրցույթ անցկացվելու համար: Աշխարհում դիրիժորների քիչ մրցույթներ կան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ռիչարդ Ռոդզինսկին:

Նրա խոսքով, Հայաստանը միջազգային ճանաչում վայելող լավագույն երգիչների կրթելու երկար ու ակնառու պատմություն ունի:

«Ես` ինքս, պատիվ եմ ունեցել աշխատելու Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում Արա Բերբերյանի և Էդնա Կարապետյանի, Մետրոպոլիտեն օպերայում Լուսինե Ամարայի և Իտալիայի Սպոլետո քաղաքի Երկու աշխարհների փառատոնում Լիլի Չուկասյանի հետ: Ես հույս ունեմ, որ թե՛ հայաստանյան երգիչները, թե՛ աշխարհի մյուս երկրների ներկայացուցիչները լավ կներկայանան Խաչատրյանի մրցույթի շրջանակում։ Մրցույթն արդեն իսկ անցկացրել է դաշնամուր, ջութակ, թավջութակ և դիրիժորություն անվանակարգերում: Ես ակնկալում եմ այս տարի ականատես լինել ամենաբարձր չափանիշների և պրոֆեսիոնալիզմի»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է առաջին հերթին գնահատելու մրցույթի մասնակիցների մոտ, երաժշտագետը նշեց, որ ինքը երգչի մեջ փնտրում է հաղորդակցվելու, երաժշտությունը և տեքստը հասկանալու ունակությունը:

«Բնականաբար, պետք է ուշադրություն դարձնել ձայնի որակին, թե ինչպես է այն հնչում, ինտոնացիային, լեզվին, առոգանությանը, բեմական կեցվածքին և այլն: Կարծում եմ, որ մենք բոլորս էլ անհամբերությամբ սպասում ենք, թե ինչպես է բեմը կենդանանանում՝ հիանալու հիասքանչ հաղորդակցական հմտություններ ունեցող անձի ներկայությամբ»,-ասաց նա:

Այն հարցին, թե զարգացման ի՞նչ միտումներ կան երգեցողության արվեստում, Ռիչարդ Ռոդզինսկին նշեց, որ այսօր բավական չէ ունենալ լավ ձայն: Աշխարհի հանդիսատեսը կինոնկարների, հեռուստատեսության, համացանցի և, իհարկե, թատրոնի միջոցով այնքան սովոր է լավ դերասանական և թատերական արժեքներին, որ օպերայի հանդիսատեսն ակնկալում է օպերայում տեսնել հավատ ներշնչող բան: Ըստ նրա` անցյալում մի քանի երգիչներ կային, որոնց ձայներն այնքան փառահեղ ու ոգևորող էին, որ մոռացնել էին տալիս նրանց արտաքին տեսքն ու թատերական հմտությունները: Այսօր անհրաժեշտ է «ամբողջական փաթեթ»՝ ձայն, արժանահավատ խաղ, արտաքին և հաղորդակցական հմտություններ:

Խաչատրյանի միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան- մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում