Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլ են անցել 43 մասնակից

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի առաջին փուլ են անցել 43 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։ Հաշվի առնելով արհեստավարժ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը և հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ են անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից` 43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկիր` ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան, Լատվիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանը, Արցախը և այլն։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում