Հասարակական

Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանական խնձորի ապօրինի ներկրման դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում