Հայոց ցեղասպանության թանգարանում բացված ցուցահանդեսը հետաքրքրություն է առաջացնում թուրքերի մոտ. Հայկ Դեմոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գրեթե ամեն օր ունենում է թուրք այցելուներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 24-ին ընդառաջ կազմակերպված ասուլիսի ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Դա արդեն մեզ համար զարմանալի չէ, մենք պարզապես համեստորեն կգրանցենք, որ այստեղ բացված ցուցահանդեսը հենց իր որակով հետաքրքրություն է առաջացնում թուրքական լսարանի մոտ: Դա շատ եմ կարեւորում, քանի որ թուրքական լսարանը մեր աշխատանքի թիրախներից է»,-ասաց Հայկ Դեմոյանը:

Նա նշեց, որ տարին բավականին հագեցած եւ հետաքրքիր է, քանի որ նշվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը:

«Այս տարի համեստ ցուցադրության տեսքով կներկայացնենք ժամանակագրությունը, պատմական լուսանկարներ շինարարության ընթացքից, թե ինչպես են անհատները մասնակցել շինարարական աշխատանքներին, մի քանի նմուշներ, թե ինչպես է հուշարձանի լուսանկարն արտատպվել տարբեր կրիչների վրա, ինչպես է դիզայներական լուծումը վերարտադրվել այլ հուշարձանների կառուցման գործում: Հետադարձ հայացք գցելով համայն հայության համար որպես գլխավոր հուշահամալիրի կառուցման վերջին հիսուն տարուն՝ կտեսնենք, թե ինչպիսի առաքելություն ունեցավ այն, որի բաղկացուցիչ մասն է թանգարան-ինստիտուտը: Նոր հիմնանորոգումից էլ անցել է արդեն երկու տարի, եւ կարող եմ ասել, որ մենք պարբերաբար դրական արձագանքներ ենք ստանում ցուցահանդեսների վերաբերյալ, դրանց ընդգրկունության, նյութերի բազմազանության առումով»,-ընդգծեց Հայկ Դեմոյանը՝ տարվա կարեւորագույն իրադարձություններից առանձնացնելով նաեւ Հայոց ցեղասպանության թեմայով մեկ այլ մշտական ցուցահանդեսի բացումն այս անգամ եվրոպացիների համար Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա մայիսից մինչեւ դեկտեմբեր ցուցահանդեսի այցելուների թիվը կազմել է 15 հազար:

«Սա երկրորդ մշտական ցուցադրությունն է, որը ստեղծվել է մեր գործընկերների, այնտեղի հայ համայնքի աջակցությամբ: Բավականին տպավորիչ է այցելուների մեծ քանակը, որոնց մեծ մասը հենց եվրոպացիներ են: Կարեւոր իրադարձություններից էր նաեւ ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Ցուցադրվել էին զինանշաններ եւ դրոշներ, որոնք մեր պահոցներից էին վերցված եւ առնչություն ունեին Մեծ եղեռնի թեմային: Հավաքչական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ կերպով: Որոշել ենք ապրիլի 24-ին եւս մեկ տաղավար նվիրել բացառիկ իրերին, հազարավորներից ներկայացնել մի քանիսը: Ինձ համար դրանցից ամենաթանկարժեքը վերջերս մեր նյույորքաբնակ հայրենակից Արամ Նիկողոսյանի կողմից Դանիել Վարուժանի անձնական գրադարանին պատկանող գրքերի հանձնումն էր մեր թանգարանի ֆոնդերին: Առկա է մակագրություն, որտեղ հենց բանաստեղծի ձեռագրով գրված է, որ դրանք պատկանում են հենց Դանիել Չպուքքարյանին: Սրանք իսկապես թանկարժեք մասունքներ են»,-շեշտեց Հայկ Դեմոյանը:

Թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ անչափ կարեւոր էր նախորդ տարի Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

«Դա միայն ճանաչում չէր: Այնտեղ ոչ միայն նշվեց «ցեղասպանություն» եզրույթը, այլեւ պատմության հետ առերեսվելու, Գերմանիայի մեղսակցության մասին: Մենք, իհարկե, չենք հրապարակում մեր ունեցած ներդրումները Ցեղասպանությանն առնչվող ցանկացած իրադարձության, զարգացումների հարցում, ուղղակի կասեմ, որ այդ զարկերակը շոշափում ենք եւ զգում ենք. մեր ներդրումը ժամանակի ընթացքում կգտնեք: Մի քանի օր անց էլ հասանելի կլինի «Խոստում» ֆիլմը: Այստեղ էլ կա մեր համեստ ներդրումը նյութերի խորհրդատվության առումով»,-եզրափակեց նա:

Հայերեն English

Չինաստանը հավանություն է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մեկնարկեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրմանը նվիրված միջազգային գիտաժողովը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին

Բելառուսում ՀՀ դեսպանի խորհրդակցությունները կտևեն այնքան, մինչև Բելառուսից պարզաբանում կամ ներողություն լսենք. Ռուբինյան

Հայաստանն ու Իրանը ստորագրել են «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն

Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով