Իսպանական EFE-ին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը մեծ արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական EFE լրատվական գործակալությանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը մեծ արձագանք է գտել միջազգային լրատվամիջոցներում: Այն մասնակի կամ ամբողջությամբ արտատպվել է ինչպես իսպանական, այնպես էլ Լատինական Ամերիկայի և Միացյալ Նահանգների 34 լրատվամիջոցի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անդրադարձներից 28-ը տեղի է ունեցել Իսպանիայի Թագավորությունում, իսկ 6-ը` Լատինական Ամերիկայում (Արգենտինա, Բրազիլիա, Կուբա, Կոլումբիա) և Միացյալ Նահանգներում:
Հարցազրույցը մարտի 13-ին տպագրվել է մաս-մաս, իսկ մարտի 14-ին` ամբողջությամբ: Մարտի 13-ին մաս-մաս լույս տեսած հոդվածները կրել են հետևյալ վերնագրերը.
"Armenia desea una relación sin tensiones entre Occidente y Rusia" (Հայաստանը ցանկանում է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններ չլինեն)
"Sargsián asegura que Armenia lucha para evitar nuevos genocidios" (Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանը պայքարում է նոր ցեղասպանություններից խուսափելու համար)
"Armenia "nunca se ha negado" a negociar con Azerbaiyán sobre Nagorno Karabaj"(Հայաստանը երբեք չի մերժել բանակցել Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ)
Մարտի 14-ին արդեն ամբողջությամբ լույս տեսած հոդվածն ունեցել է ներքոնշյալ խորագիրը.
"Texto de la entrevista exclusiva del presidente de Armenia a la Agencia Efe" (Հայաստանի Նախագահի EFE գործակալությանը տրված բացառիկ հարցազրույցի տեքստը)
«Արմենպրես» լրատվական գործակալությունը և իսպանականEFEլրատվական գործակալությունը մարտի 11-ին Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագիրը նախատեսում է փոխադարձ օգնության տրամադրում Մադրիդում ու Երևանում ներկայացուցչական բյուրոների հիմնման միջոցով: Կողմերը նախատեսում են նաև կազմակերպել լրագրողների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
EFE-ն իսպանական միջազգային լրատվական գործակալություն է, որը ստեղծվել է 1939թ.: Այսօր այն Իսպանիայի և իսպանախոս աշխարհի ամենախոշոր լրատվական գործակալությունն է: Տեղեկատվության արտադրման ծավալով այն աշխարհում չորրորդն է «Ասոշիեյթեդ պրես»-ից, «Ռոյթեր»-ից ու «Ֆրանսպրես»-ից հետո: