Քաղաքականություն

Շատ հարցեր ունեմ Լուկաշենկոյին. Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Լապշինի արտահանձնմանը

2 րոպեի ընթերցում

Շատ հարցեր ունեմ Լուկաշենկոյին. Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է Լապշինի արտահանձնմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանին արտահանձնման ողջ պատմությունն ուղղակի զզվելի է։ «Արմենպրես»- հաղորդմամբ` մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս հաղորդավար ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովը:

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարելի էր տղային արտահանձնել։ Դա ապշեցուցիչ է։ Մեծ հաշվով, մեզ բոլորիս է պետք արտահանձնել։ Եթե նրան մեղադրում են միայն նրա մեջ, որ նա Ղարաբաղ է այցելել ու եթե դա Բելառուսի համար բավական է, չնայած ռուսական ԱԳՆ-ի ու Իսրայելի բողոքներին, ուրեմն դա պարզապես ապտակ է»,-նշեց Սոլովյովը:

Հասարակական գործիչը զզվելի որակեց այդ ամբողջ պատմությունը:

«Չէր կարելի այդպես անել։ Պետք է գոնե ինչ-որ հարգանք լինի միջազգային իրավունքի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ ինչպես միշտ ընթանում է խորամանկ բելառուսական սակարկություն՝ ինչ -որ հերթական տնտեսական պայմանների համար, բայց ես չեմ կարծում, թե այդ պայմանները պետք է ինչ-որ կերպ ազդեն մարդու ճակատագրի վրա։ Ես շատ հարցեր ունեմ պարոն Լուկաշենկոյին ու ամբողջ բելառուսական իշխանությանը։ Դրանից ելնելով, հիմա ի՞նչ՝ մեզնից ոչ մեկը Բելառուս չմեկնի՞,կարող են բռնե՞լ։ Այդպե՞ս է ստացվում։ Ես բազմիցս եղել եմ Ղարաբաղում։ Եվ ես Ադրբեջանի կողմից չեմ այնտեղ մտել։ Եվ ի՞նչ»,- ընդգծեց Սոլովյովը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում