Քաղաքականություն

Սումգայիթյան դեպքերն Ադրբեջանի հակահայկական քարոզչության գագաթնակետն էին. Ադամ Շիֆ

3 րոպեի ընթերցում

Սումգայիթյան դեպքերն Ադրբեջանի հակահայկական քարոզչության գագաթնակետն էին. Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի 29-րդ տարելիցի առնչությամբ` կոչ անելով դատապարտել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Asbarez-ը:

«29 տարի առաջ ադրբեջանական ամբոխը վիրավորեց և սպանեց իր հայ հարևաններին: Հարյուրավոր հայ քաղաքացիներ գազանաբար սպանվեցին և վիրավորվեցին, կանայք և երիտասարդ աղջիկները բռնաբարվեցին, զոհերը տանջանքների ենթարկվեցին և ողջ-ողջ այրվեցին: Նրանք, ովքեր ողջ մնացին, լքեցին իրենց տունն ու գործը` հուսահատորեն թողնելով այն ամենը, ինչ ունեին: Պոգրոմները Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներով տարածած հակահայկական քարոզչության գագաթնակետն էին»,- նշել է Ադամ Շիֆը: Նա ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները գրեթե ոչինչ չեն արել` պատժելու Սումգայիթյան ջարդերի պատասխանատուներին: Պատահական չէ, որ սումգայիթյան դեպքերով բռնությունների ալիքը չդադադրեց, դրան հաջորդեցին նորերը` այդ թվում և 1990 թվականի Բաքվի պոգրոմը:

«Ժամանակը չի բուժել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացված պոգրոմների վերքերը: Հակառակը, Ադրբեջանում ողջունվում է ատելությունը հայերի նկատմամբ»,- նշել է կոնգրեսականը` հիշեցնելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի օրինակը:

Ադամ Շիֆը նկատել է, որ այսօր արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի վտանգավոր պահվածքը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: «Հրետանակոծությունն ու դիպուկահարների կրակոցները շփման գծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիների ամենօրյա կյանքի մասն են դարձել` պատճառելով բազմաթիվ վնասներ»,- ասել է Շիֆը` հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան դեպքերը:

Նա հիշեցրել է իր և Կոնգրեսի մյուս անդամների հնչեցրած կոչերը` հասցեական դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը: «Այս ապրիլին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը` մի իրադարձություն, որը թուրքական կառավարությունը` Ադրբեջանի մտերմագույն դաշնակիցը, շարունակում է ժխտել: Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ նման հանցագործությունները մնան չճանաչված` անկախ նրանից, թե դրանք պատահել են երեկ, 29, թե 100 տարի առաջ»,- հայտարարել է Շիֆը` ընդգծելով, որ իրենց բարոյական պատասխանատվությունն է դատապարտել ատելության հողի վրա իրականացված հանցագործությունները և ոգեկոչել զոհերին` հուսալով, որ պատմությունը հետագայում չի կրկնվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում