Մշակույթ

Ստեփան Անդրանիկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության շենքում

3 րոպեի ընթերցում

Ստեփան Անդրանիկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության շենքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի փետրվարի 16-ին, 90 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական նկարիչ, սիրված արվեստագետ Ստեփան Անդրանիկյանը։

Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 20-ին, Կրասնոդարի երկրամասի Մայկոպ քաղաքում: Նա 1915 թվականին Եղեռնից փրկված գաղթականների ընտանիքից էր:

Անգերազանցելի է Ստեփան Անդրանիկյանի ներդրումը հայ կինոմատոգրաֆիայի զարգացման գործում։ Երեք տասնամյակից ավելի աշխատելով «Հայֆիլմ» կինոստուդիայում` նա ձևավորել է շուրջ 40 գեղարվեստական կինոնկարներ ու մուլտֆիլմեր, որոնցից են հանրահայտ «Տժվժիկը» (1961 թ.), «Ճանապարհ դեպի կրկեսը» (1963 թ.), «Նռան գույնը» (1969 թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Մխիթար Սպարապետը» (1978 թ.) և շատ ուրիշներ։

1970-1982 թվականներին Ստեփան Անդրանիկյանը «Հայֆիլմի» մուլտստուդիայի գեղարվեստական ղեկավարն էր: Որպես բեմադրող ռեժիսոր, նա նկարահանել է 6 անիմացիոն ֆիլմ՝ «Արևի հարսնացուն», «Կախարդական լավաշ», «Վին Պինգվինը», որոնք արժանացել են մրցանակների միջազգային փառատոներում: Նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանում անիմացիոն ֆիլմի զարգացման և երիտասարդ կադրեր պատրաստելու գործում. ստեղծագործելուն զուգահեռ` զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասավանդել է սկզբում Գեղարվեստաթատերական, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ բեմադրիչներին։

Ստեփան Անդրանիկյանը մշտապես զբաղվել է գեղանկարչությամբ՝ ստեղծել հայ մտավորականների ու իր մտերիմ մարդկանց դիմանկարների շարքեր, նատյուրմորտներ ու բնանկարներ, որոնք ամփոփում են աշխարհի ու մարդու մասին արվեստագետի մտորումները, իր արտիստիկ խառնվածքի յուրահատկությունը։ Նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներին արվեստասեր հանրությունը հաղորդակցվել է Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված անհատական ցուցահանդեսներում (1978 թ., 1982 թ., 2003 թ., 2014 թ.)։

Ստեփան Անդրանիկյան-արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների, գործընկերների և ժամանակակիցների սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ստեփան Անդրանիկյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կառավարական հանձնաժողովից, Ստեփան Անդրանիկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 18:00-20:00` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 21-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում: Հուղարկավորությունը` փետրվարի 21-ին, ժամը 14:00-ին, Երևանի Շահումյանի գերեզմանատանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում