Քաղաքականություն

Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին

2 րոպեի ընթերցում

Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միությունը սատարելու է ՀՀԿ-ին և նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնություններին: Այս մասին հայտարարվեց Երկրապահ կամավորական միության 11-րդ համագումարում: Համագումարից հետո մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանից, թե ինչպիսին է լինելու աջակցությունը: Մանվել Գրիգորյանը նշեց, որ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը նորություն չէ: Այդ համագործակցությունը տարիների պատմություն ունի:

«Դեռ 1990 թվականից կամավորականները համագործակցում են Հանրապետական կուսակցության հետ: ՀՀԿ-ի առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանը երկրապահ կամավորական է եղել: Հաջորդ նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, ով նույնպես երկրապահ է եղել: Այսինքն` տարիներ առաջվանից այդ համագործակցությունը կա: Այնպես, որ մեր աջակցությունը պատահական չէ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել է ԵԿՄ 8 անդամ: Մանվել Գրիգորյանը դա բնական է համարում: «Մարդիկ ցանկացել են մասնակցել և ներկայացրել են իրենց թեկնածությունը: Այսօր վաղ է նրանց շանսերից խոսելը: Ինչ վերաբերում է իմ անձին, ապա Հանրապետականի ցուցակում իմ անունն ընդգրկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Գեներալ Սեյրան Սարոյանը նույնպես անդրադարձավ ռեյտինգային ցուցակներին: Նա նշեց, որ հասարակությունը ինքը կորոշի, թե ում տա իր քվեն: «Եթե ժողովուրդը չընտրի, խնդրի չէ: Իմ ընտրատարածքում առաջադրվել է նաև Առաքել Մովսիսյանը, ով իմ ընկերն է, մենք մրցակից չենք: Ժողովուրդն ում շատ ձայն կտա, մենք կողջունենք և կուղարկեք Ազգային ժողով»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու ԵԿՄ-ի վարչության կազմում չվերընտրվեցին Իշխան Զաքարյանը, Արթուր Աղաբեկյանը: Հարցին անդրադարձավ Մանվել Գրիգորյանը: «Իրենց հրավեր ուղարկվել է, որ գային, ներկա լինեին: Թե ինչու չկան, իրենցից հարցրեք: Իրենք չցանկացան մասնակցել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում