Քաղաքականություն

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով

3 րոպեի ընթերցում

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցություններն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին հանդես են գալու համատեղ ուժերով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երկու քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններին համատեղ ուժերով հանդես գալու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել:

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը համաձայնագրի մանրամասները ներկայացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մենք հայտարարում ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լայն կոնսոլիդացիա ապահովող համապետական ցուցակով` ստեղծելով յուրովի դաշինք, որտեղ իրենց ուրույն տեղն ու դերն ունեն «Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների անդամները, ինչպես նաև այն բոլոր անկուսակցական անհատները, որոնք մեր գաղափարակիցներն են և կիսում են մեր առաջ քաշած քաղաքական պլատֆորմը»,- ասված է հայտարարության մեջ։

«Ազատություն» կուսակցության առաջարկով համատեղ համապետական ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ նկատի ունենալով նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կազմակերպչական ռեսուրսները։

«Ազատություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական համապետական ցուցակի վարչապետի թեկնածուն «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է, ով, հաջողության դեպքում, կգլխավորի նաև խորհրդարանական խմբակցությունը։

Առաջիկայում ՀՀ քաղաքացիների դատին կհանձնվի միասնական ցուցակի նախընտրական ծրագիրը, որը հանդիսանում է ցուցակը ձևավորած յուրաքանչյուր անձի սեփականությունը, և որի դրույթներին հավատարիմ են ցուցակի բոլոր անդամները։ Նախընտրական ծրագրի տնտեսական բաժինը հեղինակել է «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների միասնական ցուցակում տեղ կգտնեն նաև «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, «Էլեկտրիկ Երևան» և «Դեմ եմ» նախաձեռնությունների ակտիվիստներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում