Քաղաքականություն

Վոլոնտեի գործի բացահայտումը ԵԽ-ի հեղինակության հարցն է. Corriere della Sera-ի անդրադարձը խավիարային սկանդալին

4 րոպեի ընթերցում

Վոլոնտեի գործի բացահայտումը ԵԽ-ի հեղինակության հարցն է. Corriere della Sera-ի անդրադարձը խավիարային սկանդալին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական հեղինակավոր Corriere della Sera թերթը կրկին անդրադարձել է Եվրոպայի խորհրդում ծավալված կոռուպցիոն սկանդալին, որում ներգրավված են իտալացի և ադրբեջանցի պատգամավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթը նշում է, որ այդ եվրոպական կառույցին անդամակցած բոլոր պետությունները պարտավորվում են հարգել մարդու իրավունքները, խոսքի ազատությունն ու ժողովրդավարության սկզբունքները, որոնց խախտման դեպքերն անդամ պետություններում պետք է դատապարտվեն, պատժվեն, իսկ ծայրահեղ դեպքում պետք է կասեցվի պետության անդամակցությունն այդ կազմակերպությանը: «Ադրբեջանի 10-ամյա անդամակցությունն այդ կազմակերպությանը «խավիարային դիվանագիտություն» հասկացությունն առաջ բերեց: Գրեթե ոչ մի պատգամավորները չի հերքում, որ այդ տարիների ընթացքում ստացել է իր ադրբեջանցի գործընկերներից գոնե մի փոքր կասպիական խավիար»,- գրում է թերթը:

Պարբերականն այնուհետև անդրադառնում է ամենամեծ աղմուկ հանած գործերից մեկին` իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեպքին, երբ վերջինս, լինելով ԵԽԽՎ-ում ամենամեծ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի ղեկավարը, ադրբեջանցի լոբբիստ Սուլեյմանովից ստացել է որպես նվիրատվություն 10 միլիոն եվրո` բաշխված 100 հազարական եվրոյի յուրաքանչյուր ամսվա համար: Վճարումները սկսվել են 2013թ-ից և իրականացվել են 4 տարբեր ընկերությունների կողմից, որոնք գրանցված են եղել օֆշորային գոտիներում` Բելիզում, Սեյշելյան և Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Վոլոնտեն այս գումարները ներկայացնում է որպես նվիրատվություններ և հրապարակում գրեթե դատարկ հայտարարագիր: Բանկի կողմից այս հարցում ներկայացված կասկածների հիման վրա գործը սկսում է ուսումնասիրել Միլանի դատախազությունը 2014թ-ին, երբ փոխանցումները հասել էին գրեթե 2 միլիոն եվրոյի: 2 տարվա քննությունից հետո Միլանի դատարանը կալանք է դնում այդ գումարների վրա` կասկած հայտնելով, որ այդ գումարը որպես կաշառք վճարվել է Ադրբեջանի կառավարության կողմից Եվրոպայի խորհրդում քաղաքական աջակցության դիմաց: Որպես այդ պնդման ապացույց իտալական պարբերականը նշում է, որ Վոլոնտեն ուղղորդել է իր ղեկավարած քաղաքական խմբին դեմ քվեարկելու Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին գերմանացի պատգամավոր Շտրասսերի զեկույցին, ինչպես նաև ներկայացնում է Վոլոնտեի և ադրբեջանցի պատգամավոր Մուսլիմ Մամմադովի խոսակցությունը, որում Վոլոնտեն նշում է, որ Մամմադովի ցանկությունն «իր համար օրենք է»: Անցած ուրբաթ էլ այս գործը Միլանի դատարանը վարույթ է ընդունել «փողերի լվացման» մասով, սակայն ոչ կոռուպցիայի մասով, քանի որ պատգամավորն ունի անձեռնմխելիություն: Սակայն դատախազն այս հարցով դիմելու է Գերագույն դատարան:

«Այս հարցի պարզաբանումն ավելի կարևոր է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության համար, քանի որ այդ կազմակերպությունը ներկայացնում է այն արժեքները, որոնց համար մենք արյուն և արցունք ենք թափել: Սակայն, միաժամանակ Ադրբեջանում շարունակվում են քաղաքական հետապնդումներն ընդդիմադիրների դեմ, որոնցից հարյուրից ավելի բանտերում են: 2015թ-ին Եվրոպական խորհրդարանը նույնիսկ ընտրությունների դիտորդական առաքելություն չուղարկեց բավարար պայմաններ չապահովելու պատճառով, իսկ այդ երկրի կառավարություն նույնիսկ փակել է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը»,- գրում է թերթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում