Թատրոնն իրական տոն է. Նարինե Գրիգորյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի «Հովնան» բեմադրությունը 2017 թվականի ապրիլի 10-ին ներկայացվելու է Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հեղինակավոր «Բալթյան տուն» թատերական փառատոնին: Բեմադրության և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց ռեժիսորի հետ:

-Ինչի՞ մասին է ներկայացումը:

-«Հովնան»-ը խոսքի ծննդյան մասին է: Ներկայացման գլխավոր հերոսը աստվածաշնչյան Հովնանն է, որը սկզբում չի կարողանում խոսել, այնուհետև միայն վանկեր է արտաբերում: Խոսքի արվեստին տիրապետելուց հետո մի շարք խնդիրների առաջ է կանգնում, հետո միայն հաղթահարում դրանք: Սյուժեն վերցված է Կտակարանից, և տեքստը բացարձակապես չենք փոխել:

-Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց առաջ վարեցիք ներկայացման հերթական փորձը: Կարո՞ղ եք ասել, որ այն պատրաստ է թատերական հարուստ ավանդույթներ ունեցող այդ քաղաքի հանդիսատեսի և թատերական քննադատների դատին հանձնելու, փառատոնային մրցույթին արժանավայել մասնակցելու համար:

-Դեռ կան որոշ հատվածներ, որոնք պետք է հղկվեն, դրամատիկ գույներն ընդգծվեն: Գլխավոր դերակատար Նարեկ Բաղդասարյանի այսօրվա խաղն ինձ շատ դուր եկավ: Այս բեմադրությունը հատուկ փառատոնին ներկայացնելու համար ենք ռուսերեն խաղում, և Նարեկը Հովնանի նոր դերակատարն է: Հայերեն տարբերակում Անդրանիկ Միքայելյանն էր: Անդրանիկի բանակ գնալուց հետո դադարեցինք խաղալ, քանի որ չեմ սիրում փոխել դերասաններին. յուրաքանչյուր արտիստ պետք է զգա, որ ռեժիսորի համար անփոխարինելի է:

-Որպես ռեժիսոր՝ ի՞նչն եք կարևորում բեմադրություններում:

-Ընտրված գրականությունն է թելադրում անելիքս: Հաճախ տեքստից է բխում՝ բեմադրությունը խորք կունենա՞, տպավորիչ կլինի՞, թե ոչ: Ներկայացումը կենդանի օրգանիզմ է… Երբ զգում եմ, որ այն հնանում է, որոշ փոփոխություններ եմ իրականացնում, թարմացնում. նոր հագուստ, դիմահարդարում, մանր դետալներ, որոնք ազդում են դերասանի տրամադրության ու զգացմունքների վրա:

-Հաջողակ դերասանուհի եք… Տարբեր դերեր եք մարմնավորել: Ձեր ստեղծած կերպարները երբևէ հակասե՞լ են ձեր ես-ին:

-Սոս Սարգսյանի բեմադրությամբ Վիլյամ Սարոյանի «Մի գավաթ բարություն» ներկայացման մեջ իմ մարմնավորած կերպարն ինձ հարազատ չէր: Ես ընդունեցի բեմադրության մեջ խաղալու առաջարկը, քանի որ վարպետն էր խնդրել, բայց այնքան օտար էր այն, որ սկսեցի վատ անել աշխատանքս. ասես դավաճանում էի մասնագիտությանս: Հենց այդ ժամանակ հասկացա, որ անգամ հանուն ամենասիրելի մարդու ինքս ինձ չպետք է դավաճանեմ: Դա է պատճառը, որ նաև սերիալներում չեմ նկարահանվում:

-Ի՞նչ դեր է խաղացել Սոս Սարգսյանը ձեր ստեղծագործական կյանքում:

-Կարծում եմ՝ նա է լիովին բացահայտել իմ դերասանական և ռեժիսորական հնարավորությունները: Այն դպրոցը, որը Սարգսյանի շնորհիվ ենք անցել, շատ հզոր է: Անհամեստ թող չթվա, բայց ինձ շատ էր սիրում… Չափազանց պահանջկոտ էր, հաճախ կրկնում էր. «Հոմերյան քրքիջ եմ ուզում տեսնել»: Մի անգամ դերասաններից մեկին ասաց. «Գագի՛կ, երկու կես եղիր, ինձ չի հետաքրքրում, թե ինչպես, բայց կիսվի՛ր»: Գերմարդու հույզեր էր ուզում տեսնել բեմում, և դա նրան հաջողվում էր:

-Նարինե, խաղում եք նաև հաջողված մոնոներկայացումներում: Ավելի լավ եք զգում, երբ հանդիսատեսը միայն ձե՞րն է, թե՞ երբ խաղընկերների հետ եք կիսում նրան:

- Բեմում մենակ դժվար է, պատասխանատվությունը մեծ է: Իհարկե, երբ մենակ ես, հանդիսատեսը քո խաղընկերն է դառնում, և նա միշտ փոխվում է՝ ամեն անգամ տարբեր հույզեր փոխանցելով:

-Հարցազրույցներում նշում եք, որ բեմ դուրս գալուց առաջ վախենում եք, իսկ պրեմիերաներից առաջ՝ սթրես ապրում:

-Դա վաղուց էր: Թատրոնը տոն է, և անկախ նրանից դու ողբերգություն ես խաղում, թե կատակերգություն, քո մեջ պետք է ցնծության, երջանկության զգացողություն լինի: Նման տրամադրվածությունը թեթևացնում է ներկայացումը, և հանդիսատեսը ցանկանում է մասնակից լինել դրան, իսկ երբ վախեցած ես խաղում, նա անհարմարություն է զգում և սկսում վախենալ քեզ հետ:

-Վերջերս նկարահանվել եք «Կյանք ու կռիվ- 2. 25 տարի անց» կինոնկարում: Կխոսե՞ք այդ ֆիլմից ստացած ձեր տպավորությունների մասին:

-Իմ մարմնավորած կերպարը խուլ ու համր կին է: Առօրյա կյանքում շատ եմ ժեստեր օգտագործում և անչափ երջանիկ էի, որ այս դերում չեմ խոսելու: Բայց չէի տիրապետում համրերի լեզվին, սակայն մասնագետների օգնությամբ մեկ ամսվա ընթացքում սովորեցի այն: Մհեր Մկրտչյանը շատ լավ սցենար է գրել: Սովորաբար ֆիլմերի երկրորդ մասերն այնքան էլ հաջողված չեն լինում: Կարծում եմ՝ սա այդ դեպքը չէ, քանի որ Մհերը երկու մասերն էլ մեկ շնչով է գրել: Ֆիլմն արդիական է և բնական հնչեղություն ունի: Հաճելի էր համագործակցել տաղանդավոր դերասաններ Արմեն Մարգարյանի, Բաբկեն Չոբանյանի, Շանթ Հովհաննիսյանի, Անի Ղազարյանի հետ:

- Առաջիկայում ի՞նչ նորություններ սպասենք դերասանուհի և ռեժիսոր Նարինե Գրիգորյանից:

-Ասեմ, չզարմանաք. այս տարի իմ մասնակցությամբ մի քանի ֆիլմ կհանձնվի կինոսերների դատին. Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ- 2. 25 տարի անց»-ը, Անահիտ Աբադի «Եվա»-ն, Միքայել Պողոսյանի «Լորիկ»-ը, որը նաև երեխաների համար է, Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ»-ը, Դիանա Կարդումյանի կարճամետրաժ «Ոսկե ձկնիկը», Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներ»-ը… Խնդիրն այն է, որ արդեն երեք տարի է նկարահանվում եմ այս կինոնկարներում, և դրանցից ոչ մեկը դեռ չեմ դիտել, որպեսզի կարողանամ համեմատել իմ աշխատանքը, շտկել թերությունները: Այնպես որ, ինձ համար էլ անակնկալներ կլինեն: Բեմադրում եմ «Վավերագրական թատրոն» ներկայացումը, որը երեք երեխաների մանկության պատմությունն է: Ներկայացման մեջ ես նույնպես խաղալու եմ:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

Հայերեն Русский