Քաղաքականություն

Արմեն Աշոտյանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում երկու խնդիր է տեսել

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում երկու խնդիր է տեսել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումներում երկու խնդիր է տեսել: Դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահն առանձնացրեց այդ խնդիրները: «Առաջին խնդիրն այն էր, թե արդյոք պատեհ պա՞հն էր ապրիլյան պատերազմից հետո խոսել հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյոք պա՞հն է հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: Երկրորդ խնդիրը՝ արդյոք աշխարհաքաղաքական տեսանկյունից ճի՞շտ է, երբ քո՝ ռադիկալ համարվող ընդդիմությունը, փորձում է ավելի ճկուն ու «բարիշող» հանդես գալ, քան իշխանությունը: Արդյոք պա՞հն էր, որ երկրի քաղաքական վերնախավն այսպես դիրքավորվեր, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերից հանդես գար Լեռնային Ղարաբաղի հարցում: Հարցերի պատասխանները ոչ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ ՀԱԿ-ը վերջին շրջանում քաղաքական էներգիա էր կորցրել, որը հետ բերելու բացառիկ աղբյուրը Կոնգրեսի համար առաջին նախագահն է: «Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն կարող էր բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Ուստի համագումարը ճիշտ ժամանակ էր ընտրված քաղաքական մարքետինգի տեսանկյունից»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ից պատշաճ արձագանք չկա առաջին նախագահի ելույթին, Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց բնական ընկալել, որ ՀՀԿ-ն այլ կուսակցության առաջ քաշած օրակարգի տարածման գործին չի լծվում: Նա հստակեցրեց, որ ՀՀԿ-ն սեփական քաղաքական օրակարգ ունի:

Աշոտյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքի հետ, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում մենակ է մնացել. «Սերժ Սարգսյանը երբեք մենակ չի եղել, չի մնա ու չի մնալու: Ուստի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է փորձել ընկալել որպես երկրի ապագայի մասին մտածող անհատ գործչի կարծիք»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում