ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ղեկավարությունը չարաչար սխալված կլինի, եթե հայ ժողովրդի խաղաղության ձգտումը թուլության նշան համարի և ավելի կոշտացնի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ապրիլյան պատերազմը, կարծում եմ, նրան ապացուցած պետք է լինի վտանգի պահին հայ ժողովրդի միավորվելու ու ցանկացած ոտնձգության հուժկու հակահարված հասցնելու կարողությունը։ Սեփական նախաձեռնությամբ սանձազերծված հաջորդ պատերազմում, երբ էլ այն պատահի, Ադրբեջանը, հաստատաբար, դառը պարտություն կկրի ու ևս մի քանի շրջան կկորցնի։ Խոսքը վերաբերվում է հաջորդ պատերազմին, եթե նման փորձ արվի: Իսկ թե դրանից հետո ինչ տեղի կունենա, միայն Աստծուն է հայտնի: Ես այսքանը երաշխավորում եմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տեր-Պետրոսյանը։
Նա հավելեց, որ հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես ժամանակին իր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձագանքել է նրա հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։