«Տղաներ, որ ելան մարտի». Կարողացանք մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ. Սամվել Սահակյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Սամվել Սահակյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Սամվելը զրույցն սկսում է իր հորեղբոր մասին պատմությամբ, ով մասնակից է եղել արցախյան պատերազմին: «Ես Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբորս անունն եմ կրում՝ Սամվել Սահակյան։ 1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի... Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում է նա:

Ապրիլյան պատերազմը Սամվելի համար սպասված էր. «Ապրիլի 2-ի առավոտն էր. այսօրվա նման հիշում եմ՝ օրը շաբաթ։ Տողանի ժամանակ մեր հրամանատարը շատ հանգիստ ու ինձ համար սպասելի տոնով ասաց, որ հակառակորդի սանձերը ձգել է պետք: Ստանալով զենք զինամթերք, տեղավորվելով մեր խցիկներում, դուրս եկանք մեր տանկերով։ Սկզբից շատ անհասկանալի էր, ես ներքուստ մի փոքր ուրախացա, քանի որ ես սպասում էի պատերազմին․․․ Ճանապարհին զորամասի հրամանատարի տեղակալ Մասիս Ավանեսյանի հրահանգավորումից հետո իրավիճակը լիովին պարզ դարձավ ինձ համար։ Մի տեսակ անբացատրելի զգացողություն կար»:

Հասնելով Թալիշ, տեսնելով գյուղի վիճակը, նրա խոսքով, մի տեսակ իր տանկն էլ է ուժ հավաքել: Սկսել է կրակել տարբեր ուղղություններով։ Սամվելը հակառակորդի առաջին տանկը խոցել է շարժման մեջ: «Արագ դեմ դիմաց դեպի գյուղն էր իջնում։ Ճիշտ է` մինչ այդ կենդանի ուժի զգալի կորուստներ էի պատճառել հակառակորդին, բայց տանկի պայթյունից ավելի ոգևորվեցի։ Ինձ համար կապ չուներ` դիմացիս մարդ է, տանկ, թե ավելի հզոր զինատեսակ։ Իմ անունն ինձ ուժ էր տալիս։ Ավելի ու ավելի էի չարանում առաջ գնալով։ Դիրքերն ազատագրելուց մի տանկ էլ ճանապարհիս հանդիպեց, դա նույնպես խոցեցի ու չվրիպեցի, քանի որ իմ արկերը երբեք չեն վրիպել․․․ Ես վստահ էի իմ ուժերի վրա։ Տանկիստ էի, ավագ նշանառու օպերատոր, մատներիցս 3 ընտանիքի ճրագ էր կախված, վարորդինս՝ Գևորգ Խաչատրյանինը, առաջին հրամանատարինս՝ Ռաֆիկ Կրպեյանինը, և հետո հրամանատարս փոխվեց, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանինը: Սիմոնյանը ամենավտանգավոր դիրքում էր հրամանատար եղել, բայց հպարտ էի, որ նրանք վստահում էին իմ ուժերին, եւ երեքիս կյանքն էր իմ ձերքերում, չվրիպեցի․․․․ կարողացանք կռվել թշնամու դեմ, մտնել մահվան երախն ու անվնաս դուրս գալ»,- ոգևորությամբ պատմում է Սամվելը:

Ասում եմ, իսկ քո կարծիքով, ի՞նչն է քեզ ուժ տվել, որ փրկվել ես այդ բարդ ու դժվար իրավիճակներում, պատասխանում է, որ այդ ժամանակ միակ ուժը իր անունն է եղել. «Նա ինձ ուժ տվեց, որ կռվեմ ոչ թե թշնամու, այլ կռիվ տամ կյանքի ու մահվան հետ»:

Սամվելին հարցնում եմ, ում է հերոս համարում և ի՞նչ է զգում, երբ իրեն հերոս են անվանում, ասում է, թե հպարտանում է, որ հերոս են ասում, բայց երբեմն էլ ջղայնանում է։ «Հերոսները նրանք են, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, կռվել են մինչև վերջ։ Իհարկե, կան նաև կենդանի հերոսներ, որոնք ուս ուսի են տվել, կռվել են։ Մենք չենք առաջնորդվել մի մտքով` գնալ, կռվել, մեռնել հանուն հայրենիքի։ Մենք ասում էինք կռվել, հաղթել և ապրել մեր հայրենիքում։ Հերոս են, իհարկե, ինձ հետ կռված ցանկացած մարդ, ով իր մի փամփուշտով պահել է մեր դիրքերը։ Հերոս է Մասիս Ավանեսյանը, Կարեն Ջալավյանը, Անդրանիկ Սիմոնյանը, որոնք ուսուցանել են մեզ, սովորեցրել դիպուկ կրակել»,- շեշտում է Սամվելը:

Խոսակցության ընթացքում նա նաև հիշատակեց իր ընկերներին, ովքեր դեռ ծառայում են և ասաց. «Ընկերներ ունեմ ծառայող, որոնք դեռ պաշտպանում են մեր անդորրը՝ Դավիթը` Հակոբյան, Աշոտը` Քարամյան։ Երկուսն էլ հզոր տղերք են, վստահելի, այնքան վստահելի, որ բոլորիս քունն ենք վստահել նրանց։ Մաղթում եմ նրանց անփորձանք ծառայություն»:

Այս ամենից հետո հետաքրքրվում եմ, թե այժմ ինչով է զբաղվում և ինչով է զբաղվել մինչև բանակ զորակոչվելը, ասում է. «Մինչև բանակս սովորել եմ Քաջարանում։ Աշխատել եմ, որպես համակարգիչների օպերատոր։ Այժմ չեմ սովորում։ Զորակոչվելուց առաջ զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով՝ մասնակցել մրցումների։ Բանակից հետո չեմ աշխատում, հանգստանում եմ դեռ»:

Խնդրում եմ, որ պատմի, թե ինչ է փոխվել իր կյանքում, ինչ երազանքներ ունի։ Ասում է, որ բանակից հետո ամեն ինչ է փոխվել իր կյանքում՝ նպատակները, մտածելակերպը: Բայց երազանքներ չունի, ասում է, թե չի սիրում երազել, ունենում է նպատակներ, և հասնում դրանց։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին