4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ից մինչև 2017թ. հունվարի 5-ը նախատեսվում է արգելել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը: Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ ոստիկանությունը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը կքննարկեն իրականացվելիք համատեղ միջոցառումները: Կստորագրվի եռակողմ ծրագիր: Օրվա ընթացքում նախատեսվում է նաև այց Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման վայր՝ տեղում աշխատանքների ընթացքն ուսումնասիրելու համար:
Ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած տարբեր երկրներում հայ համայնքները, ֆիզիկական, հոգևոր անվտանգության ի՞նչ հարցեր կան օրակարգում, հայապահպանության ո՞ր խնդիրներն են առաջնահերթ: Այս և այլ հարցերին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կանդրադառնան ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ սկսում է «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի այսօր: Ելույթներով հանդես կգան Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանը և այլք:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նոյեմբերի 21-ին անցկացվում է իրազեկում-հանդիպում՝ կապված ոչ պարենային ապրանքների շուկայում առկա ռիսկերի հետ: Ներկա են լինելու Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, նախարարության ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Արմեն Տերտերյանը:
Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում իրականացվել է «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրը: Այն մոտենում է ավարտին և այսօր կայանալիք քննարկմանը կներկայացվեն 3 երկրներում մասնակցային որոշումների կայացման համեմատական վերլուծական պատկերը, այդ գործընթացին խոչընդոտող կամ խթանող մեխանիզմները: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, միջազգային և տեղական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձինք:
Նոյեմբերի 20-25-ն առաջին անգամ մայրաքաղաքում կանցկացվի Երևանի արտաքին գովազդի փառատոն, որի նպատակը տարածաշրջանում գովազդի ոլորտի զարգացման խթանումն է, ինչպես նաև հայկական շուկայում միջազգային լավագույն փորձի ներդնումը: Այդ կապակցությամբ, այսօր Երևանի քաղաքապետարանում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն մանրամասներ փառատոնի վերաբերյալ:
Նոյեմբերի 21-ը Հեռուստատեսության համաշխարհային օրն է: 1996թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը նոյեմբերի 21-ը հռչակեց որպես Հեռուստատեսության համաշխարհային օր (World Television Day): Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին խաղաղությանը, անվտանգությանը, տնտեսական ու սոցիալական, ինչպես նաև մշակութային խնդիրներին: Օրվա առթիվ կլինեն հրապարակումներ թեմայի վերաբերյալ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: