Տնտեսություն

Կառավարությունը նպատակադրել է 2017թ. ապահովել 3.2 տոկոս ՀՆԱ-ի աճ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը նպատակադրել է 2017թ. ապահովել 3.2 տոկոս ՀՆԱ-ի աճ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2017թ. համար նպատակադրել է ապահովել ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճի մակարդակ։ Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Հաշվի առնելով տնտեսական միջավայրը՝ մեզանից բավականին ջանքեր կպահանջվեն նշված ցուցանիշին հասնելու համար, սակայն մենք ամեն ինչ կանենք այդ ցուցանիշն ապահովելու համար: Հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը պետք է լինի թափանցիկ և հրապարակային, հասկանալի՝ յուրաքանչյուր հարկատուի և հասարակության անդամի համար: Մեր մոտեցումը հստակ է հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվել է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված ՌԴ-ում տնտեսական անկմամբ և պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: «Այս իրավիճակում տնտեսական աճ և կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի դեպքում անխուսափելի է եղել պետական պարտքի բարձրացումը: 2017թ. կառավարությունը իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017թ. բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Կառավարությունը բյուջեի հիմքում դրել է տնտեսությունը չխեղդող, հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ: «Հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք է ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումներ»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում