Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ներառել է առաջնահերթությունների թվում

3 րոպեի ընթերցում

 ԵՄ-ն Հայաստանի հետ հարաբերությունները ներառել է առաջնահերթությունների թվում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության խորհուրդն ընդունել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում 2016թ-ի առաջնահերթությունների մասին զեկույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի լրատվական ծառայությունից, զեկույցն ընդունվել է որպես 2016թ-ի հունիսի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացրած «ԵՄ գլոբալ ռազմավարության» շարունակող և մասնավորեցնող փաստաթուղթ:

Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: «Հայաստանի հետ ԵՄ-ի հարաբերություններում շեշտը դրվելու է նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վրա, որը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ավելին, նոր Գործընկերության Առաջնահերթությունները, որոնք համատեղ կհամաձայնեցվեն, կփոխարինեն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրին, որն այլևս ժամկետանց է: Անցյալ տարվա սահմանադրական հանրաքվեից հետո կարևոր է, որպեսզի Հայաստանը կյանքի կոչի նոր Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի առաջարկները, նախքան հաջորդ` 2017թ-ի խորհրդարանական ընտրությունները: Որպես հիմնական դոնոր` ԵՄ-ն իր ներդրումը կունենա առաջիկա խորհրդարանական ընտրություններում` ֆինանսական բեռի մեծ մասը ծածկելով»,- նշված է զեկույցում: Միաժամանակ շեշտվում է, որ ԵՄ-ն այլևս չի ձգտում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքել:

Առևտրային հարաբերությունների առնչությամբ` Հայաստանը նշվում է այն 14 երկրների թվում, որոնց նկատմամբ ԵՄ-ն կիրառում է GSP+ առևտրային ռեժիմը: ԵՄ-ի իրականացրած կանոնավոր մոնիթորինգները և երկխոսությունն այս հարցի շուրջ վկայում են, որ նշված ոլորտում առաջընթաց արձանագրվել:

Զեկույցի` Ադրբեջանին առնչվող մասում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը»,- ասվում է զեկույցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում