Աղջիկները տանը 40 տոկոսով ավելի շատ են աշխատում, քան տղաները. ՅՈՒՆԻՍԵՖ
2 րոպեի ընթերցում
![Աղջիկները տանը 40 տոկոսով ավելի շատ են աշխատում, քան տղաները. ՅՈՒՆԻՍԵՖ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/862946.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղջիկները 5-ից մինչեւ 14 տարեկան հասակում 40 տոկոսով ավելի շատ ժամանակ են նվիրում տնային գործերին, քան նույն տարիքի տղաները, ինչի մասին վկայում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Արդյունքում՝ աղջիկներին ավելի քիչ ժամանակ Է մնում կրթություն ստանալու, զարգանալու, սոցիալիզացման եւ պարզապես զվարճությունների ու խաղերի համար:
Հիմնադրամի հաշվարկներով՝ ամբողջ աշխարհի աղջիկներն օրական 160 մլն ժամով ավելի շատ ժամանակ են ծախսում կերակուր պատրաստելու, մաքրության եւ իրենց ընտանիքի անդամների մասին հոգ տալու վրա, քան տղաները:
Այս խնդիրը հատկապես սուր Է ծառացած Հարավային Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի առանձին մասերում: Տնային գործերը խիստ անհավասար են բաշխված Եմենում, Սոմալիում եւ Բուրկինա Ֆասոյում:
Սոմալիում, օրինակ, 10-14 տարեկան աղջիկները տնային գործերին նվիրում են շաթաբական շուրջ 26 ժամ. դա նրանց գրեթե ողջ ազատ ժամանակն Է:
Տղաների եւ աղջիկների միջեւ տարբերությունները շատ վաղ են դրսեւորվում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ 5-9 տարեկան աղջիկները 30 տոկոսով ավելի շատ ժամանակ են նվիրում տնային գործերին, քան տղաները:
Երեխաների մեծանալու հետ իրադրությունը միայն սրվում Է. 10-14 տարեկան աղջիկները տնային գործերին արդեն 50 տոկոսով ավելի շատ ժամանակ են նվիրում, քան նրանց հասակակից տղաները:
Փաստորեն մեծերն աղջիկների վրա են դնում իրենց պարտականությունների մի մասը, օրինակ՝ ընտանիքի կրտսեր երեխաների մասին հոգալը: Առանձին երկրներում աղջիկների վրա Է դրվում վառելափայտ հավաքելու եւ ջուր կրելու պատասխանատվությունը:
Փորձագետների կարծիքով, նման իրավիճակը միայն մեծացնում Է գենդերային անհավասարությունը եւ նվազեցնում կանանց ինքնահաստատման հնարավորությունը: