Հասարակական

Մեքենայի սեփանականատերը կարող է այն վարման հանձնել անսահմանափակ թվով մարդկանց` առանց հավելյալ ապահովագրավճարի

3 րոպեի ընթերցում

Մեքենայի սեփանականատերը կարող է այն վարման հանձնել անսահմանափակ թվով մարդկանց` առանց  հավելյալ ապահովագրավճարի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին): ԱՊՊԱ համակարգն անցնում է ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին: Այս դեպքում ավտոմեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված և ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից կարող է վարման հանձնվել վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի` առանց դրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ փոփոխությունը լրագրողներին ներկայացրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: «Հորդորում ենք ավտոմեքենան վարման հանձնել միայն կարգապահ վարորդների, քանի որ ավտոմեքենայի վթարի արդյունքում կիրառվող բոնուս-մալուս համակարգը տարածվելու է միայն ավտոմեքենաների սեփականատերերի նկատմամբ»,-ասաց բանախոսը:

Նրա տեղեկացմամբ` մինչ սեպտեմբերի 1-ը կնքված և այդ պահի դրությամբ գործող ԱՊՊԱ պայմանագրերը սեպտեմբերի մեկից ինքնաշխատ կհամարվեն անսահմանափակ վարորդների օգտագործման հնարավորությամբ կնքված: Այդ պայմանագրերում վարորդներ ավելացնելու, փոփոխելու կամ լրացուցիչ ապահովագրավճար կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: «Կատարված փոփոխությունների արդյունքում կատարվել են ռիսկային գործակիցների ճշգրտում (ավելացում կամ պակասեցում), ինչպես նաև սակագների հաշվարկից հանվել են 1-1.6 չափով վարորդների տարիքը և վարորդական ստաժը հաշվի առնող ռիսկային գործակիցները» ,-ասաց Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` պատրաստվում են այլ փոփոխություններ ևս, մասնավորապես, ԱՊՊԱ պայմանագրերը օնլայն տարբերակով կնքելու հնարավորության ընձեռում` ներառյալ դրսում տեղադրված տերմինալների միջոցով: Նշյալի մասին տեղեկատվությունը կներկայացվի որոշակի ժամանակ հետո:

Բյուրոյի գործադիր տնօրենի տեղեկացմամբ` ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին անցման, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտի առաջին հինգ տարիների վիճակագրության հիման վրա որոշակի ռիսկային գործակիցների ճշգրտման արդյունքում սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ սակագնային համակարգն ունենալու է նոր կառուցվածք: ԱՊՊԱ սակագների նոր կառուցվածքին կարելի է ծանոթանալայստեղ:

«ԱՊՊԱ համակարգի կայունության և շարունակականության ապահովման, ինչպես նաև ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վարորդների ընտրության հարցում ռիսկերի կառավարմանն աջակցելու նկատառումներով Բյուրոն կշարունակի հաշվառել վարորդների վթարների վիճակագրությունը (ապահովագրական պատմությունը), ինչի մասին ընդհանրացված տվյալներ կարելի է ստանալ օնլայն եղանակով Բյուրոյի կայքի միջոցով»,-հայտնեց պաշտոնյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում