Քաղաքականություն

Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Խորենացի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորենացի փողոցում հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել:

Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնեց, որ ոստիկանության կողմից կան տուժածներ:

Առավել վաղ ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարներին հանդուրժողականության կոչ էր արել: Ոստիկանների և ցուցարարների բանակցությունների ընթացքում որոշ ցուցարարներ փորձել էին ճեղքել ոստիկանների կազմած շարքը, ինչից հետո էլ տեղի ունեցավ բախումը:

Հիմնական խնդիրն առաջացել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում գտնվող անձանց սնունդ փոխանցելու խնդրի առնչությամբ:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում