Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Կնեսետը Հայոց ցեղասպանության բանաձևն ուղարկեց կրթության եւ մշակույթի հանձնաժողով. 120 պատգամավորից որոշմանը կողմ քվեարկեց 24-ը, դեմ քվեարկողներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերը՝ նշելով, որ Հոլոքոստ վերապրած հրեա ժողովուրդը բարոյական իրավունք չունի անտեսելու այլ ազգի ողբերգությունը:

«Հատկանշական է, որ հայերի զանգվածային սպանդի փաստը Իսրայելը ինքնին ընդունում է, սակայն հրաժարվում է այն անվանել ցեղասպանություն: Իսրայելի կառավարության անդամների եւ հասարակական-քաղաքական մի քանի կառույցների ներկայացուցիչների նման վերաբերմունքի պատճառն, իմ կարծիքով, սեփական ողբերգության եզակիության ընկալման գործոնն է»,- ընդգծեց Ցինկերը:

Նրա խոսքով՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած դիրքորոշումը նաեւ կախված է երկրի վարած տարածաշրջանային քաղաքականությունից: «Նկատի ունեմ Թուրքիայի՝ Մերձավոր Արեւելքում կարեւոր մի մահմեդական պետության հետ ունեցած հարաբերությունները: Երկրի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն անկեղծորեն հայտարարել էր, որ կան քաղաքականությունից, դիվանագիտությունից ավելի կարեւոր բաներ, եւ ազգերի զանգվածային կոտորածները պատկանում են այս կատեգորիային: Ըստ երեւույթին, իսրայելական քաղաքական գործիչները, գալով իշխանության, մոռանում են խոստումները՝ չնայած նրան, որ վերջին շրջանում Իսրայելում անցկացված բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իսրայելցիների աջակցությունը»,-ասաց Ցինկերը:

Այնուամենայնիվ, Ալեքսանդր Ցինկերը չի կարծում, որ այժմ ամենահարմար պահն է ցեղասպանության ճանաչում ակնկալելու համար, սակայն վստահեցնում է, որ շարունակելու են պայքարել: «Հաշվի առնելով տարածաշրջանային հարցերը, ինչպես նաեւ վերջերս Իսրայելի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումը՝ դրական արդյունքի հասնելու լավագույն ժամանակը չէ: Ամեն դեպքում, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված մեր պայքարը լինելու է շարունակական: Իսրայելի ղեկավարները մեկ անգամ չէ, որ բացահայտելու են էրդողանական Թուրքիայի հակաիսրայելական իրական դեմքը: Նրանք ի վերջո ստիպված են լինելու հասկանալ, որ գոյություն ունի պատմական ճշմարտություն, եւ ոչ մի քաղաքական ինտրիգ չի կարողանա ստվեր գցել մի ամբողջ ազգի ոչնչացման սարսափելի փորձ կատարելու փաստի վրա»,- եզրափակեց Կնեսետի նախկին պատգամավորը:

Հուլիսի 5-ին Իսրայելի խորհրդարանում արդեն 3-րդ անգամ քննարկվեց Հայոց ցեղասպանության հարցը «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնի նախաձեռնությամբ:

Հայերեն العربية English Русский

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ