Բակո Սահակյանը և ԵԱՀԿ նախագահը քննարկել են շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԵԱՀԿ գործող նախագահ Վալտեր Շտայնմայերը քննարկել են շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակման և ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված հարցեր: Երևանում ԼՂՀ նախագահի և ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վալտեր Շտայնմայերի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Հանդիպումն անցավ շատ անկեղծ մթնոլորտում: Կայացավ մտքերի փոխանակում մի շարք հարցերի շուրջ, որոնք միտված են ստեղծված իրավիճակից դուրս գալուն: Արդեն բավականին երկար ժամանակ է՝ քննարկում է գնում այն քայլերի մասին, որոնք թույլ կտան վերսկսել բանակցությունները: Խոսքը, մասնավորապես, հետաքննության մեխանիզմների մշակման և ներդրման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին է: Դրանց վերաբերյալ մենք հայտնել ենք մեր տեսակետը: Մասնավորապես նշվել է, որ այդ առաջարկներով արցախյան կողմը հանդես է գալիս վաղուց: Արցախյան կողմը հանդես է եկել ոչ միայն այդ, այլ նաև այլ առաջարկներով, որոնց իրականացումը թույլ կտա հաղթահարել հակամարտող կողմերի միջև անվստահության մթնոլորտը և ճանապարհ կհարթի բանակցային գործընթացի անխափան ընթացքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրզոյանը:
Միրզոյանը հավելեց, որ հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության մասին: «Դա այն կետն է, որի մասին մենք միշտ խոսում ենք: Դա մեր պաշտոնական դիրքորոշումն է: Դա ոչ միայն արցախյան կողմի պահանջն է, այլ նաև օբյեկտիվ իրականությունը: Այսօր առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին անհնար է ապահովել լուրջ առաջխաղացում: Այս հարցում մեր տեսակետը նորություն չէ ԵԱՀԿ շրջանակների համար: Մենք ևս մենք անգամ ներկայացրեցինք և դա նկատի է առնվել»,- ասաց ԼՂՀ ԱԳ նախարարը:
Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև այն անհրաժեշտության մասին, որ անկախ առկա իրավիճակից, գոյություն ունեն Արցախի ժողովրդի հումանիտար կարիքներ, որոնք պետք է բավարարվեն: «ԵԱՀԿ-ն՝ որպես լուրջ միջազգային կառույց, որն իր գործառույթների մեջ ունի նաև իր անդամ երկրներում ապրող ժողովուրդների հումանիտար խնդիրների կարգավորումը, պետք է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Խոսքը գնում է նրա մասին, որ շրջափակման հետևանքով ոտնահարվում են Արցախի ժողովրդի իրավունքները: Այս առումով ես կարծում եմ, որ ԵԱՀԿ-ն ևս կարող է որոշ դերակատարություն ունենալ»,- ասաց նախարարը:
Միրզոյանի խոսքով՝ որքան շփման գծում իրավիճակը կայուն լինի, այնքան դա հնարավորություն կստեղծի դիվանագետների, բանակցող կողմերի համար կառուցողական երկխոսություն ծավալել: Անդրադառնալով նախագահների մակարդակով նոր հանդիպման հնարավորությանը՝ Կարեն Միրզոյանը նկատեց, որ անկախ նման հանդիպման վայրից և ժամկետներից՝ կարևոր է, որպեսզի լինի հանդիպում, որի ընթացքում հնարավոր կլինի վերջապես ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք թույլ կտան վերսկսել բանակցությունները: «Այսօր կա միանշանակ փոխըմբռնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և միակ հնարավոր տարբերակը խաղաղ բանակցային գործընթացն է: Որքան շուտ այդ գաղափարը հասկանա և ըմբռնի Ադրբեջանը, այդքան շուտ մենք կկարողանաք առաջ տանել այս գործընթացը»,- հավելեց Կարեն Միրզոյանը:
ԼՂՀ ԱԳ նախարարը նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին: Նրա խոսքով՝ որպես այդպիսին բանակցություններ դեռ չկան, գնում են հանդիպումներ, շփումներ, որոնք ուղղված են բանակցային գործընթացը վերսկսելուն:
Նախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությանը, թե ստատուս քվոն անընդունելի է: «Եկեք հասկանանք, թե մենք ինչ իմաստ ենք ներդնում ստատուս քվո արտահայտության տակ: Իհարկե, Արցախի ներկայիս կարգավիճակը, որը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները, չի ապահովում բոլոր հնարավորությունները երկրում պետականաշինության գործընթացների անխափան շարունակությունը, անընդունելի է: Եվ հարկավոր է ձեռնարկել բոլոր քայլերը, որպեսզի Արցախի ժողովրդի բոլոր ձեռքբերումները, այն նվաճումները, որոնք մենք ունեցել ենք անցած տարիների ընթացքում, ստանան իրենց օրինական հաստատումը»,- ասաց Կարեն Միրզոյանը: