Վարչապետը գերազանցության դիպլոմներ է հանձնել ՀՊՏՀ շրջանավարտներին
3 րոպեի ընթերցում
![Վարչապետը գերազանցության դիպլոմներ է հանձնել ՀՊՏՀ շրջանավարտներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/852577.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «ՀՊՏՀ շրջանավարտ-2016» միջոցառմանը, որի ընթացքում բակալավրիատի շրջանավարտներին են հանձնվել ավարտական պետական դիպլոմներ: Գերազանցության դիպլոմները շրջանավարտներին է հանձնել վարչապետը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այսօր մեծ կյանք է ճանապարհում մասնագետների նոր սերունդ՝ օժտված գիտելիքներով և անհրաժեշտ հմտություններով: «Դուք ամփոփում եք համալսարանական կրթության շրջափուլը, որը խիստ կարևոր է յուրաքանչյուր մարդու կյանքում: Տեղյակ եմ, որ համալսարանում անցնող տարիներին ստեղծվել են ժամանակակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ արդիական միջավայր, հետազոտական աշխատանքի հնարավորություն, նյութատեխնիկական հիմքի վերազինում, թվային գրադարան: Հուսով եմ, որ սա տվել է իր արդյունքը, և դուք համալսարանից հեռանում եք անհրաժեշտ գիտելիքներով և անմոռանալի տպավորություններով, որոնք կօգնեն ձեզ կյանքում գտնելու ձեր արժանի տեղը»,- նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կրթված հասարակությունը պետության ամրության, երկրի զարգացման և հասարակության առաջընթացի երաշխիքն է, որին այլընտրանք չկա: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ ՀՀ կառավարությունն իր ծրագրում, ամենօրյա աշխատանքում որդեգրել է կրթության խրախուսման մոտեցումը՝ հատուկ կարևորելով կրթության մատչելիությունն ու հասանելիությունը: «Կասկած չկա, որ մրցունակ պետություն դառնում են, առաջին հերթին, մրցունակ կադրերով, և այս առումով գրագետ, կիրթ սերունդ ունենալն անչափ կարևոր է: Ինձ համար՝ որպես կառավարության ղեկավարի, հատկապես կարևոր է որակյալ տնտեսագետների առկայությունը, որոնք կարող են իրենց գիտելիքներով նպաստել մեր տնտեսության առաջանցիկ զարգացմանը»,- շեշտել է վարչապետը և համոզմունք հայտնել, որ լավ պատրաստված մասնագետները նոր լիցք են հաղորդելու Հայաստանի տնտեսության զարգացման գործին՝ դառնալով երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործը ստանձնող պատասխանատու քաղաքացիներ: Ամփոփելով խոսքը՝ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՊՏՀ բոլոր շրջանավարտներին և մաղթել հաջողություններ: