Համագործակցության հեռանկարներ` Nvidia-ի, IBM-ի ու Reddit-ի հետ. «Արմթեք»-ի պտուղները
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենամյա «Արմթեք» համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սիլիկոնյան հովտում «Հայաստան. ՏՏ ֆորում» խորագրով, ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության նոր հեռանկարներ է բացում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, այցելել են Nvidia, IBM, Intel, Synopsis ընկերություններ, եղել Reddit սոցիալական ցանցի գրասենյակում, որոնց արդյունքում ձեռք են բերել որոշ պայմանավորվածություններ:
Nvidia կորպորացիան հնարավոր է հայ ինժեներների ծառայություններից օգտվի
Nvidia կորպորացիան, որն առաջատար է վիդեոքարտերի թողարկմամբ, պատկերի ճանաչման ուղղությամբ լուրջ մշակումներ է իրականացնում, ինչը կիրառություն կստանա ավտոմեքենաների ավտոմատ կայանման ժամանակ: «Աուդի» կազմակերպության հետ ունեն պայմանագիր ու մեծ նախագիծ են իրականացնում: Մենք շահագրգռված ենք, որ ինժեներական աշխատանք ապահովենք նաև Հայաստանում, հայ մասնագետներն իրենց հետ մշակումներ անեն, աշխարհում գործող նրանց լաբորատորներին զուգահեռ նմանատիպ լաբորատորիա հիմնվի նաև Հայաստանում: Նախատեսում ենք նրանց այցը Հայաստան, ղեկավար կազմի հետ հանդիպում և ծրագրերի քննարկում: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն կար, լսել էին, մենք էլ ներկայացրեցինք ՏՏ ոլորտի զարգացման աստիճանն ու հնարավորությունները: Հիմա կոնկրետ ինտենսիվ աշխատանք պետք է կատարենք նրանց հետ:
Հայաստանում IBM-ի ընդլայնման հնարավորություններ
IBM կազմակերպությունում մեզ ներկայացրին IBM Watson համակարգը, որը հեղափոխություն է տնտեսության տարբեր ճյուղերում վերլուծություններ կատարելու տեսանկյունից: Օրինակ, բժշկության մեջ համակարգը մի քանի բուժումներից ընտրում է լավագույնն ու առաջարկում խնդրի լավագույն լուծումը: Վերլուծական ծրագրեր են, որոնք կարող են կիրառվել բոլոր ոլորտներում: Նրանք պատրաստակամություն հայտնեցին գալ, հանդիպումներ ունենալ ու կոնկրետ քննարկել, թե Հայաստանում IBM-ն ինչպես կարող է ընդլայնվել:
Բացի այդ` նրանք պատրաստակամություն հայտնեցին հյուրընկալել երկու գիտնական-ինժեներների մեկ տարով աշխատանքի վայրում վերապատատրաստում անցելու, ապա ստացած գիտելիքները Հայաստան բերելու և այստեղի մասնագետներին փոխանցելու համար: IBM-ը պատրաստ է հոգալ նրանցից մեկի ծախսը:
Reddit-ը կարող է Հայաստանի զբոսաշրջային առաջարկներն առավել հանրայնացնել
Reddit ընկերությունում մեզ ներկայացրեցին իրենց հաջողությունները, կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն: Համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին առաջարկվեց իր մասնավոր այցերը դարձնել պաշտոնական: Ասացինք, որ պատրաստ ենք Reddit-ի հետ Հայաստանում կոնկրետ մշակումներ իրականացնել` օգտագործելով մեր ներուժը: Ընկերության երիտասարդ ծրագրավորողների հետ հանդիպում եղավ, հարց ու պատասխանի միջոցով հուսով ենք կարողացանք համոզել, որ այցելեն Հայաստան: Հայաստանը հայտնի է ոչ միայն իր բնությամբ, տեսարժան վայրերով, այլև լուրջ ինժեներական ներուժով, որը կարող է նրանց հետաքրքրել զուտ ընկերանալու ու համագործակցելու առումով: Բացի այդ` Reddit համակարգով ամբողջ աշխարհում զբոսաշրջային առաջարկները ցուցադրելու, մեր նվաճումներն ու բոլոր հետաքրքիր զբոսաշրջային անկյունները ներկայացնելու առաջարկ հնչեց:
Հայկական ստարտափերի և ներդրողների հանդիպման մասին
Ֆորումին մասնակցում էին նաև ստարտափեր, որոնք ներդրողների հետ բավականին հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումներ են ունեցել: Դա նրանց հուշել է` կոնկրետ ինչ ուղղությամբ պետք է աշխատեն, որ նոր ներդրումներ ներգրավեն: Ես պլանավորել եմ հանդիպում նորաստեղծ կազմակերպությունների հետ` հասկանալու նրանց խնդիրները և զարգացման համար ինչ է անհրաժեշտ: Ցանկալի է հասկանալ Սիլիկոնյան հովտում աքսելերացիոն ծրագրի շրջանակներում ինչեր են բացահայտվել, ինչ է պետք փոխել, որ զարգացում ունենանք:
«Հայաստան. ՏՏ ֆորում»-ն անցկացվել է հունիսի 10-11-ին Սիլիկոնյան հովտում` Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում: Ֆորումի նպատակն էր ներկայացնել ու քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը: