Հասարակական

Մայր տաճարի բակում Հռոմի պապը ողջունել է արգենտինահայ ուխտավորներին, լուսանկարվել ու օրհնություն բաշխել

3 րոպեի ընթերցում

Մայր տաճարի բակում Հռոմի պապը ողջունել է արգենտինահայ ուխտավորներին, լուսանկարվել ու օրհնություն բաշխել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ողջունել են արգենտինահայ ուխտավորներ` երգով ու ուրախ վանկարկումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մայր տաճարի բակում Պապը մոտեցել է ուխտավորների խմբին, լուսանկարվել նրանց հետ, օրհնություն բաշխել, ապա հրաժեշտ տվել խմբին ու հեռացել:Նա Բարիգալստյան Հրաշափառի արարողությունից հետո եղել է նաև հին վեհարանի շենքում, այնտեղ անցկացրել մոտ 40 րոպե:

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը: Նախատեսվում է, որ Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Պապը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նույն օրը տեղի կունենա պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում