Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Հայաստանի նախագահի նստավայր
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ տեղի կունենա ողջույնի արարողություն: Նախատեսված է առանձնազրույց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո Հայաստանի ղեկավարը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:
Հանրապետության երկրորդ քաղաքում` Գյումրիում` Սուրբ Վարդանանց հրապարակում, նույն օրը տեղի է ունենալու պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:
Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար: