ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնյաներից ակնկալվում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Բարիգալստյան` Հրաշափառի արարողության ժամանակ:
«Գոհունակություն եմ հայտնում Տիրոջը նաեւ այն ընթացքի համար, որ Կաթողիկե Եկեղեցին եւ Հայ Առաքելական Եկեղեցին կատարեցին եղբայրական եւ անկեղծ երկխոսության միջոցով լիարժեք կիսելու գոհության սեղանը: Սուրբ հոգին թող օգնի մեզ իրականացնելու այն միությունը, որի համար աղոթեց մեր Տերը, որպեսզի իր աշակերտները միասին լինեն եւ աշխարհը հավատա: Ինձ հաճելի է հիշել այժմ, մեր երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունների խորացման եւ երկխոսության ամրապնդման վերջերս տված վճռորոշ մղումը Նորին սրբություններ Վազգեն Ա-ի եւ Գարեգին Ա-ի եւ սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի եւ Բենեդիկտոս 16-ի կողմից: Համամիութենական այս ջանքերի հատկապես նշանակալից փուլերի շարքում հիշում եմ հավատի վկաների հիշատակությունը, 2000 թվականի Մեծ Հոբելեանի շրջանակներում. Ձերդ Սրբության հանձնումը քրիստոնյա Հայաստանի հոր՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին՝ Երեւանի նորակառույց տաճարի համար. Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի եւ Ձերդ Սրբության ստորագրած համատեղ հայտարարությունը՝ ճիշտ այստեղ, Սուրբ Էջմիածնում. ինչպես նաեւ Ձերդ Սրբության կատարած այցերը Վատիկան, կարեւոր պահերի եւ հիշատակությունների առիթով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ֆրանցիսկոս Պապը:
Հռոմի Պապը նշեց, որ, դժբախտաբար, աշխարհը բաժանումներով եւ ընդհարումներով է խառնված, ինչպես նաեւ նյութական եւ հոգեւոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների եւ ծերերի չարաշահումը: Նրա խոսքով քրիստոնյաներից ակնկալում է փոխադարձ գնահատման եւ եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:
«Համբերատար եւ մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միության, համատեղ ձեռնարկների հզորացումը եւ ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջեւ համագործակցությունը խավարած գիշերվա մեջ նման է փայլակնացայտ լույսի, եւ կանչ է ապրելու սիրով եւ նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ: Համամիութենական ոգին օրինակելի է դառնում նաեւ եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, եւ բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները հարթելու երկխոսությամբ եւ արժեւորելով այն՝ ինչ միացնում է: Համամիութենական ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետեւ պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել եւ տարածել ճշմարտությունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվության պահպանմամբ, եւ այնպիսի ձեւերով, որոնցից թափանցի այն սիրո եւ փրկության ներկայությունը, որ ցանկանում ենք սփռել: Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին , որ նրա ահավոր կարիքն ունի, թե Քրիստոս կենդանի է եւ գործուն, կարող ազգերի, մշակույթների եւ կրոնների միջեւ միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վկայում ենք եւ հավատացնում, որ Աստված սեր է եւ գթասրտություն»,-ասաց Հռոմի Պապը:
Դիմելով ներկաներին` նա նշեց, որ իրենց գործը ներշնչված է եւ մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, ստեղծվում են լավագույն պայմաններ համամիութենական պտղաբեր ընթացքի, եւ միաժամանակ, մատնանշվում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի եւ ամբողջ հասարակության՝ առարկայական երթեւեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը եւ փորում են դժվար բուժող բաժանումները:
«Ամենակարողն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսությամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսավորչի եւ Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորիդ եւ ամբողջ Հայ ազգին եւ միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից եւ փառավոր վկայություն տալ դարեդար»,-հավելեց Հռոմի Պապը: