Հասարակական

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան

3 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սրբազան քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին և Վատիկանի ղեկավարին Հայաստանում դիմավորում են հատուկ արարողակարգով: Սրբազան քահանայապետին դիմավորում են նաև մանկական երգչախումբը, իսկ ժամանման պահին երեխաների կողմից նրան մատուցվեց հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:

Օդանավակայանի նախագահական տերմինալում տեղի կունենա կարճատև զրույց ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո էլ կտրվի ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը:

Այնուհետև Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է այցի ընթացքում:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նույն օրը տեղի է ունենալու պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում