ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռն ընդամենը ժամեր անց վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը Հայաստան կատարելիք այս պատմական այցն ուխտագնացություն է անվանել. այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
«Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արևելյան երկրում` Հայաստանում` առաջինը ժողովուրդներից, որ ստացավ Հիսուսի Ավետարանը»,- այս խոսքերով էր պապը դիմել իր լսարանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ Հայաստան կատարելիք այցը սովորական քահանայապետական այց չէ, այլ ուխտագնացություն դեպի մի երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը:
«Կարծում եմ` այս այցելությունը նախևառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատև պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաև երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը և հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձևավորվել է քրիստոնեական ոգով և կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաև շատ կարևոր է սփյուռքի հայերի համար»,- իտալական LaStampa պարբերականի հետ զրույցում նման խոսքերով է Հռոմի պապի այցը բնութագրել Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում:
Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին, խոսելով այցի մասին, նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաև կիսելու հայերի՝ խաղաղության ձգտումը: Նա տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պապի հայաստանյան այցն արդեն երկար ժամանակ է գտնվում է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, այցի մասին գրում են գրեթե բոլոր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները: Մասնավորապես, իտալական RomeReports-ը նշում է, որ առաջիկա այցի ընթացքում Հռոմի պապը կխոսի կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման մասին, առաջ կտանի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտեցման գաղափարը:
Reuters-ը հայաստանյան այցի մասին նյութը հրապարակել է հետևյալ խորագրով. «Թուրքիային «ցեղասպանություն» եզրույթով բարկացնելուց հետո Հռոմի պապը կայցելի Հայաստան»:
Բրիտանական The Guardian-ը գրում է. «Հռոմի պապը կայցելի Ցեղասպանության հուշահամալիր: Ակնկալվում է, որ նա չի կիրառի «ցեղասպանություն» եզրույթը՝ խուսափելու Թուրքիայի և Վատիկանի միջև լարումից»:
Ամերիկյան Wall Street Journal-ը նշում է. «Հռոմի պապը կայցելի Հայաստանում Ցեղասպանության հուշահամալիր: Պապական եռօրյա այցը կշրջանցի Ադրբեջանը, սակայն սպառնում է հակասել Թուրքիային»:
Բրիտանական Independent-ը ևս իր հոդվածը կենտրոնացրել է այն փաստի վրա, թե արդյոք Հռոմի Սրբազան քահանայապետը Հայաստանում՝ Ցեղասպանության հուշահամալիրում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը:
«Հռոմի պապը եռօրյա այցով կմեկնի Հայաստան՝ սկսելու մի ուղևորություն, որը կփորձարկի Վատիկանի ու Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները»,- գրում է NBC News-ը, որը ևս հետաքրքրվում է՝ արդյոք պապը կարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: «Պապի այցը տեղի կունենա պաշտոնապես ի նշան հարգանքի մի երկրի կարգավիճակի, որն առաջինն է ընդունել քրիստոնեությունը»,- գրում է լրատվամիջոցը:
Գերմանական Deutsche Welle-ն ևս լայնածավալ հոդված է պատրաստել Ֆրանցիսկոս պապի այցի առնչույթամբ, որում նշում է. «Հայաստանը պատրաստվում է Հռոմի պապի այցին: Նրա այցը լինելու է երկրում վերջին տասնամյակի ամենանշանակալի կրոնական իրադարձությունը»:
Հունիսի 24-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղիության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության Աղոթք:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ: