Հռոմի պապն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը Խոր Վիրապից աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ միջոցառումների ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նախ հայտնեց, որ արդեն պատրաստ է և թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը քահանայապետի այցի առիթով, որի մարման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ֆրանցիսկոս պապի Հայաստան ժամանելու օրը: Կենտրոնական բանկն էլ ունի հատուկ հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապի Հայաստան այցին, որը ևս թողարկվելու է այցի մեկնարկի օրը:

Վիգեն Սարգսյանը հավելեց, որ Հռոմի պապի այցի հետ կապված շատ մեծ հետաքրքրություն կա հայ արվեստագետների մոտ: «Գիտեք, որ մեր բազմաթիվ հեղինակներ այս օրերին իրենց արվեստով անդրադառնում են առաջիկա այցին, և կա շատ մեծ ցանկություն սրբազան քահանայապետին այցի ժամանակ փոխանցելու գերժամանակակից արվեստի գործեր և հիշողություններ պարգևող հուշանվերներ՝ կապված այս այցի հետ: Դա շատ հուզիչ է և նկատելի է, թե ինչքան մեծ ոգևորություն է առաջացրել այս այցը արվեստի բնագավառի ներկայացուցիչների մոտ: Սփյուռքում էլ է շատ մեծ հետաքրքրությունը այցի նկատմամբ, և մենք տեսնում ենք շատ մեծ հոսք ուխտագնացների՝ մարդկանց, ովքեր ցանկանում են ներկա լինել այդ պատմական իրադարձությանը, և հարյուրավոր մեր հայրենակիցներ տարբեր վայրերից այս օրերին ժամանում են Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին, որ ընդգրկված են ծրագրում»,- ասաց Սարգսյանը:

Ծրագիրը սկսվելու է հունիսի 24-ին, ժամը 15:00-ին՝ Սրբազան քահանայապետի ժամանումով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն: «Գիտեք, որ, պետության գլուխ դիմավորելիս, մենք ունենք զինվորական պատիվներ, որոնք տրվում են արարողակարգային ընթացքով: Անշուշտ, հաշվի առնելով այն փաստը, որ սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլ առաջին հերթին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, կան լրացումներ այդ բավականին խիստ ընդգծված արարողակարգին, և կլինեն լրացուցիչ էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբը, որը կդիմավորի սրբազան քահանայապետին և այն, որ ժամանման պահին նրան կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրանը և լավաշը երեխաների կողմից: Տեղի կունենա կարճատև զրույց հանրապետության Նախագահի և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ օդանավակայանի նախագահական տերմինալում: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո տեղի կունենա ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը: Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Հունիսի 25-ին Սրբազան քահանայապետը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: «Հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ և երախտագիտությամբ է ընդունել անցած տարի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի, նրա հայտարարությունը և դիրքորոշումը՝ կապված Ցեղասպանության փաստի հետ: Անշուշտ, այդ այցելությունը Ծիծեռնակաբարդ ունի մեծ խորհուրդ և նշանակություն մեզ համար: Այնտեղ տեղի է ունենալու փոքր ծիսական արարողություն: Ինչպես ձեզ հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սրբերի դասին է կարգել Ցեղասպանության զոհերին, ինչով պայմանավորված` ծիսական արարողությունն ունի որոշակի յուրահատկություն: Սրբազան քահանայապետը և Վեհափառ հայրապետը միասին կաղոթեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այնուհետև կլինի նաև հանուն Սրբազան քահանայապետի տնկված եղևնու օրհնման արարողություն, և դրանից հետո պատվիրակությունը կմեկնի օդանավակայան, որտեղից կմեկնեն Գյումրի: Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու պատարագ: Գյումրիում նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երևան և նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան: Միջոցառման մեկնարկը ժամը 18:00-ին: Դրանից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Էջմիածին»,- ընդգծեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը