Քաղաքականություն

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի նախագահին

2 րոպեի ընթերցում

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համատեղության կարգով Չիլիում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) հունիսի 15-ին իր հավատարմագրերն է հանձնել Չիլիի Նախագահ Վերոնիկա Միշել Բաչելետ Խերիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով դեսպանին և հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում` Չիլիի Նախագահը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-չիլիական համագործակցության հետագա զարգացման գործում: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նախագահ Բաչելեն անդրադարձավ 2014 թվականի հուլիսին ՀՀ նախագահի Չիլիի Հանրապետություն կատարած պաշտոնական այցին՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման տեսակետից:

Սանտյագոյում դեսպան Հարությունյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Գուստավո Ալյարես Օսանդոնի, Չիլիի պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադե Լառայի, Չիլիի խորհրդարանի Չիլի-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Գուստավո Սելումե Ասբունի, Չիլիի քաղաքական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

Չիլիի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական

խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային հիմքի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Չիլիի հետ համագործակցությանը: Այս համատեքստում Չիլիի փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանը Չիլիի համար հանդիսանում է յուրատեսակ դարպաս դեպի ԵԱՏՄ:

Սանտյագոյի քաղաքապետ Կառոլինա Տոհայի հետ հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ համապատասխան քայլեր նախաձեռնելուն առնչվող հարցեր»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում