Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին ուղղված քննադատության համար. DPA
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, ով հունիսի 9-ին խորհրդարանում քննարկումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է DPA գործակալությունը:
Նիստերի դահլիճում ծափահարությունների է արժանացել Լամերտի հետևյալ նախադասությունը. «Այն, որ ժողովրդավարությամբ ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն ուղղում է Բունդեսթագի ժողովրդավարությամբ ընտրված պատգամավորների հասցեին` վերջիններիս թուրքական ծագման շուրջ կասկածներով, նրանց արյունն անվանում կեղտոտ, ես հնարավոր չէի համարում»:
«Անսովոր է, երբ խորհրդարանում կառավարության շարքերում նստածները ծափահարում են»,- նկատել է DPA-ը:
Հունիսի 2-ին Բունդեսթագը ձայների լիակատար մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Էրդողանը կտրուկ քննադատության էր ենթարկել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին, ովքեր ևս կողմ են եղել բանաձևի ընդունմանը: «Շատերն ասում են, որ նրանք թուրքեր են: Կներեք, ինչպիսի թուրքեր: Անհրաժեշտ է նրանց արյունն ուղարկել քննության` լաբորատորիա»,- ասել է Էրդողանը:
Իր հերթին, Անգելա Մերկելը մեկնաբանելով Էրդողանի խոսքերը` ընդգծել է, որ անհասկանալի է համարում թուրքական կողմից հնչեցվող հայտարարություններն ու բողոքները:
Լուսանկարը` AP