Իվետա Մուկուչյանը երջանիկ է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար
2 րոպեի ընթերցում
![Իվետա Մուկուչյանը երջանիկ է «Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/05/847260.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը երջանիկ է մրցույթին մասնակցելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին Ստոկհոլմից խոստովանեց երգչուհին:
«Ինչքան հաճախ են այժմ ինձ հարցնում իմ զգացողությունների մասին, այնքան ինձ ավելի դժվար է դառնում պատասխանել: Իսկապես երջանիկ եմ, որ մասնակցում եմ «Եվրատեսիլ»-ին, երջանիկ եմ, որ բոլորը սատարում են ինձ, սիրում և աջակցում: Աննկարագրելի զգացողություն է: Բառերով չեմ կարողանում նկարագրել այն ուժը և էներգետիկան, որ զգում եմ բեմում: Ինձ չեն բավարարում այդ երեք րոպեները, որպեսզի ես ցույց տամ այն ամենն, ինչ կա իմ ներսում»,-նշեց երգչուհին:
Իվետա Մուկուչյանը շեշտեց` շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իր կողքին են:
«Շնորհակալ եմ բոլոր հայերին, ովքեր իմ կողքին են եղել այսքան ժամանակ: Իսկապես հույս ունեմ, որ այսօր երեկոյան նրանք կսատարեն ինձ և միասին լավ արդյունքներ կարձանագրենք»,-հավելեց նա:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ի երեկոյան: Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող իրադարձությանը հայտնի կդառնա հեղինակավոր մրցույթի այս տարվա հաղթողի անունը:
Իվետա Մուկուչյանը LoveWave ստեղծագործությամբ ելույթ կունենա 26-րդ համարի ներքո: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): «Եվրատեսիլ- 2016»-ը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերությամբ:
LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: