Քաղաքականություն

Միջազգային հանրության պարիտետային մոտեցումը քաջալերել է Ադրբեջանի կողմից ապրիլյան սադրանքի սանձազերծումը. Լևոն Տեր-Պետրոսյան

3 րոպեի ընթերցում

Միջազգային հանրության պարիտետային մոտեցումը քաջալերել է Ադրբեջանի կողմից ապրիլյան սադրանքի սանձազերծումը. Լևոն Տեր-Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 12-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսից: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ապրիլյան իրադարձությունները եւ դրանց հետեւանքով առաջացած նոր իրավիճակի խնդիրները։

Դեսպան Միլսը մասնավորապես նշել է. «Ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են նշում, Լեռնային Ղարաբաղում խաղաղություն կլինի միայն բանակցությունների միջոցով: Համանախագահող երկրներն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կառուցողական երկխոսություն ձեւավորելու շուրջ: Համանախագահները բազմիցս նշել են, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, տարածաշրջանի խաղաղության, կայունության ու հետագա բարօրության ապահովման համար բոլոր կողմերը պետք է հանդես բերեն քաղաքական կամք՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք կձեւավորեն վստահության միջավայր, որը թույլ կտա առաջ շարժվել բանակցային կարգավորման հարցում: Նման որոշումների ընդունումը հեշտ չէ, սակայն հուսադրող է, որ հայաստանյան ղեկավարությունը բանակցային կարգավորման հանձնառություն է հանդես բերել եւ հուսով ենք, որ կշարունակի հետամուտ լինել դրան»։

Համաձայնելով դեսպան Միլսի կարծիքին, Լեւոն Տեր-Պետրոսյանն, իր հերթին, ընդգծել է բանակցային գործընթացի վերսկսմանը զուգահեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման (մոնիտորինգի) մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, դա բացատրելով այն հանգամանքով, որ զինադադարի շարունակաբար կրկնվող նախորդ խախտումների գնահատման հարցում միջազգային հանրության դրսեւորած պարիտետային մոտեցումը ոչ միայն չի նպաստել նոր խախտումների բացառմանը, այլեւ կողմնակիորեն քաջալերել է Ադրբեջանին՝ սանձազերծելու երկուստեք հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ապրիլյան լայնամասշտաբ սադրանքը։ Մշտադիտարկման ռեժիմի կիրառումը հնարավորություն կտա զինադադարի խախտման յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մատնանշելու խախտող կողմի հասցեատիրոջը, ինչը կարող է զսպող դեր խաղալ շփման գծում անդորրություն պահպանելու եւ բանակցային գործընթացի շուրջ բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում