ՀՀ դեսպաններն Ավստրիայում, Բուլղարիայում և Լեհաստանում մասնակցել են Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպաններն Ավստրիայում, Բուլղարիայում և Լեհաստանում մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների։
«Արմենպրես»-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցած հաղորդագրությունում նշված է.
«Ավստրիայում ՀՀ դեսպանության և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցչությունների ողջ անձնակազմը, ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի գլխավորությամբ, մայիսի 9-ին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ ժողովուրդների տարած հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված Վիեննայում անցկացված հանդիսավոր միջոցառումներին:
Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի դաշնային խորհրդարանում այդ առիթով հրավիրված խորհրդարանի հանդիսավոր նիստին, ապա Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը և քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդային զորքերի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողների մոտ տեղի ունեցած հիշատակի պաշտոնական արարողություններին, որոնց ներկա էին Ավստրիայի կառավարության անդամներ, պատգամավորներ, նախկին ԽՍՀՄ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, Ավստրիայում հավատարմագրված օտարերկրյա մյուս դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, վետերաններ, հայ և այլ համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Այնուհետև Վիեննայում ՌԴ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն՝ ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի, ազգային ճաշատեսակների ու ըմպելիքների մատուցմամբ:
Մայիսի 9-ին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սոֆիա և Պլովդիվ քաղաքներում մասնակցեց Հաղթանակի օրվան նվիրված մի շարք միջոցառումների:
Հանդիսավոր պայմաններում ծաղկեպսակներ զետեղվեցին Սոֆիայի քաղաքային այգում գտնվող Խորհրդային բանակի զինվորների հուշարձանի, Սոֆիայի եղբայրական գերեզմանատանը կանգնեցված հուշակոթողի և Պլովդիվ քաղաքի «Խորհրդային բանակի» հուշարձանի («Ալյոշա») մոտ:
Հանդիսություններին մասնակցեցին Բուլղարիայում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ղեկավարներ, դիվանագետներ, Բուլղարիայի քաղաքական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայրենական պատերազմի վետերաններ:
Պլովդիվում կայացած միջոցառմանը մասնակցեցին նաև Պլովդիվում ՀՀ պատվո հյուպատոսը և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիստներից Վարշավայի ազատագրման համար զոհված Խորհրդային զինվորների հուշարձան-հուշահամալիրում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 71-րդ տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով դեսպանության անունից ծաղկեպսակ է դրել հուշարձանի և հարգանքի տուրք մատուցել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին»: