«Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների դրոշների բարձրացման արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին ասել է Ստոկհոլմի քաղաքապետարանի արարողակարգի պատասխանատու Սվանտե Հոդելը: Դրոշները կբարձրացվեն այբբենական կարգով: Նրա տեղեկացմամբ` միջոցառմանը ներկա կլինեն Շվեդիայում մասնակից-երկրների դեսպանները, երգիչները և նրանց պատվիրակությունները, «Եվրատեսիլ»-ի երկրպագուները:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրատեսիլ- 2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա գերզգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):