Սպասվող լրահոս. 03.05.2016
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Աշխարհի շատ երկրներում մայիսի 3-ը նշվում է որպես Մամուլի ազատության միջազգային օրը: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Օրվա առիթով շատ երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Հայաստանն այդ տեսանկյունից բացառություն չէ: Այսօր` մայիսի 3-ին, կայանալու է «Մամուլի ազատության ժամանակը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված այս մրցանակը սահմանվել է Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարված իրավիճակի համատեքստում բավական կարևորվում է մամուլի դերը: Որտե՞ղ է ավարտվում մամուլի ազատությունն ու սկսվում անվտանգությունը: Որո՞նք են մամուլի ազատության սահմանները պատերազմական իրավիճակում: Այս և այլ հարցերի կանդրադառնա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5- 21-ը` 17 օրերի ընթացքում, աշխարհի 205 երկրներից մոտ 10 հազար 500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նա կանդրադառնա Հայաստան-Բրազիլիա հարաբերություններին, երկու երկրրների համատեղ ծրագրերին:
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից երրորդ կուրսի ուսանողուհուն հեռացրել են ԲՈՒՀ-ից: Ուսանողուհու մայրը պատրաստվում է մանրամասներ ներկայացնել դեպքի մասին:
Թուրքական ապրանքների Հայաստան ներկրումը սահմանափակելու հարցը սպառողների անվտանգության համատեքստում: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ թուրքական ապրանքների Հայաստան ներկրումը սահմանափակելու դեպքում, արդյո՞ք նման դեպքում այլընտրանք է առաջարկվում: Թեմայի վերաբերյալ խոսելու է «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կայանալու է համերգ՝ նվիրված «Սպեղանի» երգչախմբի հիմնադրման 20-ամյակին: Երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժոր Սարինա Ավթանդիլյանն է: Ծրագրում կհնչեն Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորների` Երվանդ Երկանյանի, Ջեննի Ասատրյանի խմբերգերը:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Հայ Արտ» արվեստի կենտրոնում ներկայացնում են շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսը։
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: